Մատչելիության հղումներ

Ալիև. «Հայերի փողերով ապրող կոնգրեսականները պատերազմ են հայտարարել Ադրբեջանին»


Ալիև. «Հայերի փողերով ապրող կոնգրեսականները պատերազմ են հայտարարել Ադրբեջանին»
please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00

«Հայերի փողերով ապրող որոշ երեսպաշտ կոնգրեսականներ, արևմտյան քաղաքական գործիչներ և իսլամատյացներ պատերազմ են հայտարարել Ադրբեջանին», - երեկ Բաքվում կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի՝ նախարարների առջև հնչեցրած ողջ ելույթը կարծես Արևմուտքի հետ հարաբերությունների յուրատեսակ վերաիմաստավորում լիներ: Ալիևը անգամ անուղղակիորեն քննադատեց իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից մեկը` երկրի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին:

«Եվրոպական խաղերի ժամանակ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մի բանաձև ընդունեց, որի նախագծում զեկուցողները առաջարկում էին գրել` Վեհաժողովը հաշվի է առնում այն փաստը, որ ադրբեջանական հողերը օկուպացված են: Այդ ձևակերպումը, սակայն, փոխվեց, և բանաձևում հետևալ ձևակերպումը տեղ գտնավ` Վեհաժողովը հաշվի է առնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյությունը: Սա հստակ հակաադրբեջանական մոտեցում էր: Այնպես որ, ես կարծում եմ, որ եթե մենք այսօր ստիպված լինեինք կատարել այդ ընտրությունը, գուցեև ընդհանրապես հրաժարվեինք Եվրոպայի խորհրդին անդամակցելու գաղափարից», - հայտարարել է Իլհամ Ալիևը` նշելով, ի դեպ, որ 2001-ին այդ քայլին Բաքուն նույն հայերի պատճառով էր դիմել․ - «Մենք գիտեինք, որ Հայաստանը շատ էր ցանկանում դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի մենք էլ որոշեցինք անդամակցել այդ կառույցին»:

Ադրբեջանի նախագահը շեշտել է, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած այդ բանաձևը Բաքվի համար որևէ նշանակություն չունի․ - «Դա թղթի կտոր է»:

Իլհամ Ալիևի համոզմամբ, թղթի կտոր է նաև հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանի երկու պալատներից մեկի` Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը, որում գերմանացի օրենսդիրները կոչ էին անում պաշտոնական Բեռլինին ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին:

«Ի՞նչ գործ ունի Գերմանիայի Բունդեսթագը մեզ հետ: Ի՞նչ են իրենց երևակայել գերմանական Բունդեսթագի անդամները: Որ իրենք աշխարհի տիրակալներն են, ու բոլորը իրե՞նց պետք է ենթարկվեն: Մեր հարաբերություններում մենք հստակ տարածություն ենք պահպանում, և նրանցից որևէ բան չենք ուզում: Բայց փոխարենը նրա՛նք ունեն մեր գազի, նավթի, մեր պայմանագրերի կարիքը»․ - հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի համոզմամբ, իր երկրի դեմ ծավալված տեղեկատվական պատերազմի թեժ փուլը սկիզբ առավ վերջին մի քանի ամիսներին․ - «Եվրոպական խաղերի ընթացքում այս պատերազմը հասավ գագաթնակետին: Կարող եմ, սակայն, ասել, որ ադրբեջանական պետությունն ու ադրբեջանցի ժողովուրդը կարողացան հաղթել այդ պատերազմում»:

Բնական է, որ կառավարության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահը չի մոռացել խոսել նաև Լեռնային Ղարաբաղում իրական պատերազմի հավանականության մասին` հերթական անգամ պնդելով, թե Բաքուն շուտով ազատագրելու է «իր օկուպացված տարածքները»:

«Բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չկա: Հայաստանը պարզապես բոյկոտում է բանակցությունները և ցանկանում է հնարավորինս ձգձգել հարցի կարգավորումը: Բայց որքան ձգձգվի հարցը, այնքան Հայաստանի անկումն ավելի կխորանա», - պնդել է Ալիևը՝ իր նախարարներին հավատացնելով․ - «Կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Առայժմ մենք այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG