Նյու Յորքում, Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու դառնալու մրցապայքարի շրջանակում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հանդես է եկել մի ելույթով, որը վերլուծաբաններից շատերը համարում են նրա տնտեսական քաղաքականության ծրագրային հայտարարություններից մեկը:
Հավատարիմ մնալով Դեմոկրատական կուսակցության օրակարգին՝ Հիլարի Քլինթոնը հայտարարել է աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ շատ աշխատող քաղաքացին պետք է նաև բավականաչափ վարձատրվի և իրեն թույլ տա միջին խավի կյանքով ապրել․ - «Մենք պետք է ավելացնենք բոլոր աշխատող ամերիկացիների աշխատավարձը, որպեսզի նրանք միջին խավի ամերիկացու կյանք վայելեն»:
Առանձնակի ուշադրությամբ Քլինթոնը անդրադարձել է կրթական ծրագրերի և երիտասարդներին կրթական վարկեր տրամադրելու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը՝ ընդգծելով․ - «Յուրաքանչյուր երեխա պետք է ի վիճակի լինի լիարժեք իրականացնել իր ներուժը»:
Նա նաև քննադատության է ենթարկել 2016-ին կայանալիք նախագահական ընտրապայքարում հնարավոր մրցակից, հանրապետական Ջեբ Բուշի տնտեսական մոտեցումները: Մասնավորապես, օրերս Բուշը հայտարարել էր, որ ամերիկացիներին անհրաժեշտ է ավելի շատ աշխատել: Դրան ի պատասխան՝ Քլինթոնը կարծիք է հայտնել, որ երևի թե Ջեբ Բուշը առանձնապես շատ ամերիկացի աշխատավորների չի հանդիպել, հակառակ դեպքում տեղյակ կլիներ, որ նրանք առանց այն էլ շատ են աշխատում: «Նրանք դասախոսության կարիք չունեն, նրանք աշխատավարձի բարձրացման կարիք ունեն», - հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը: