Վարդավառի տոնը երեկ Սևանում նշած վարորդները թեև լսել էին շարժական արագաչափի մասին, բայց չեն նկատել, թե Սևանը մայրաքաղաքի հետ կապող ավտոմայրուղու որ հատվածում է կայանված եղել արագաչափով ավտոմեքենան:
Նրանք համոզված են, որ մեքենաների արագությունը գաղտնի նկարահանող այդ սարքը ոստիկանության հերթական «բիզնես ծրագիրն է»:
Օրեր առաջ ոստիկանությունը հայտարարել էր, որ առաջին անգամ Վարդավառի տոնին Երևան - Սևան ճանապարհին կիրառվելու է շարժական արագաչափը՝ այդ օրը գերծանրաբեռնված երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով:
Վարորդները, մինչդեռ, դժգոհ էին, որ ի հավելումն տեղադրված տեսախցիկների ու արագաչափերի՝ հիմա էլ շարժական արագաչափ է լինելու, այն էլ՝ գաղտնի:
Ներկայանալ չցանկացող զրուցակիցս երեկ երթևեկել է այդ մայրուղով, ասում է՝ եթե պարզվի, որ ինքը տուգանվել է, չի մուծելու․ - «Թաքուն մարդկանց ջեբերն են մտնում: Դրա ճիշտը ո՞րն ա: Հասարակությանը պիտի զգուշացնել: Ժողովրդին թաքուն թալանում են»:
Շարժական արագաչափը երեկ տեղադրված է եղել արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սիքյուրիտի դրիմ» ընկերությանը պատկանող մեքենայում: Նախազգուշացնող որևէ նշան չի եղել:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ դա հատուկ է արված․ - «Շարժական արագաչափի իմաստը կայանում է նրանում, որ կարելի է տեղադրել ցանկացած վայրում՝ զգուշացնող և առանց զգուշացնող նշանների: Դրա ֆունկցիան կայանում է նրանում, որ ստատիկ արագաչափերի տեղերը բոլոր վարորդները գիտեն, նախազգուշացնող նշանները կան, արագաչափին հասնելուց առաջ արագությունը իջեցնում են մինչև սահմանված արագություն, այնուհետև կրկին բարձրացնում են: Շարժական արագաչափի դեպքում նրանք տեղը չգիտեն: Ստիպված ամբողջ մայրուղով՝ Երևան - Սևան ավտոճանապարհով պետք է պահպանեն թույլատրված առավելագույն արագությունը, որը նախատեսված է 90 կմ/ժամ»:
Հակոբյանի փոխանցմամբ՝ երեկ միայն Երևան - Սևան մայրուղում ոստիկանները ղեկից իջեցրել են 42 ոչ սթափ վարորդի:
Մեկ օրում 100-ից ավելի խախտում արձանագրած այս շրջիկ արագաչափով մեքենան առայժմ միակն է: Հակոբյանն ասաց, թե արդյունքներն ամփոփելուց հետո կորոշեն՝ ավելացնե՞լ դրանց թիվը, թե՞ ոչ:
25 տարվա վարորդական փորձ ունեցող Յուրա Սողոյանը, սակայն, վստահ է, որ եթե պարզվի, որ «եկամտաբեր գործ է», շուտով դրանք կհայտնվեն բոլոր ճանապարհներին․ - «Ինչպես ասում են՝ ախորժակը բացվում է ուտելու ընթացքում: Եթե այդ շարժական արագաչափը լավ եկամտաբերություն ապահովի իրենց տերերին, ապա չեմ կասկածում, որ շատ շուտով այդ նոր արագաչափերը կհայտնվեն նաև այլ մայրուղիներում և Երևան քաղաքում»:
Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը չբացառեց, որ արձանագրված 100 խախտումների թվում կլինեն մինչև 500 հազար դրամի տուգանքներ: Հակոբյանը չբացառեց նաև Երևան - Սևան մայրուղում շարժական արագաչափի կիրառումը մինչև հանգստի սեզոնի ավարտը: