Մատչելիության հղումներ

Հայերեն դասագրքերը Ջավախք չեն հասել. վրացական կողմը մատնանշում է «տեխնիկական պատճառները»


Հայերեն դասագրքերը Ջավախք չեն հասել. Վրացական կողմը մատնանշում է «տեխնիկական պատճառները»
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Ջավախքի դպրոցները նախորդ տարի Հայաստանից ուղարկված դասագրքեր չունեցան։ Նոր ուսումնական տարում ևս հայտնի չէ, թե աշակերտները ինչ գրքերով են հայոց լեզու և գրականություն սովորելու։ Մինչ 10 հազար կտոր գրականություն մնացել է ճանապարհին, Հայաստանի սփյուռքի և Վրաստանի կրթության նախարարությունները շարունակում են բանակցել։

Վրաստանի կրթության նախարարության պատճառաբանությունը եղել է այն, որ ադրբեջանական դասագրքերում սխալներ են հայտնաբերվել, և նման վիճակից խուսափելու համար ներս չեն թողել նաև հայկական գրքերը։ Մինչդեռ կենսաբանության ուսուցչուհի Նազելի Դեմիրճյանը նշում է, որ խնդիրը միայն այս ուսումնական տարով չի սահմանափակվում, արդեն մի քանի տարի է՝ նույնիսկ անհատները չեն կարողանում գոնե մեկ հայերեն գիրք բերել Ջավախք:

«Նույնիսկ մի երկու ամիս առաջ էր, բարեկամս անցել էր, երեխան Երևանում սովորում է, գիրքը իր հետ բերել էր, որ էստեղ պարապեր, մինչև քննություն գնալը, մոտներն էին պահել, հետ գնալուց վերցրել էր գիրքը, նույնիսկ կրոսվորդ, նույնիսկ թերթ՝ ոչ մի բան թույլ չի տրվում անցկացնել»,- ասաց Դեմիրճյանը։

Ի տարբերություն սրա, Վրաստանի սփյուռքի նախարարությունը, օրինակ, վրացերեն գրքեր ու անհրաժեշտ այլ նյութեր ուղարկում է ադրբեջանական այն շրջաններ, որտեղ վրացիներ են բնակվում։ Նախարար Գելա Դումաձեն նշում է, որ իրենք անում են հնարավորը, որ հայրենակիցները չմոռանան իրենց լեզուն ու մշակույթը։

«Մի քանի շրջան կա Ադրբեջանի տարածքում, որտեղ էթնիկ վրացիներ են ապրում։ Նրանց անվանում են Սանինգիլոյի բնակիչներ կամ Հեռեթի, սա պատմական անունն է։ Մենք այնտեղի մշակութային կյանքն ենք փորձում աշխուժացնել, այնպես անել, որ վրացերենը չմոռանան, վրաց լեզվի գրքեր ենք ուղարկում, համերգներ ու թատերական ներկայացումներ ենք կազմակերպում»,- ասում է նախարարը։

Ախալքալաքի իշխանությունները հայոց լեզվի ու գրականության դասագրքերի խնդրով չեն զբաղվում։ Մունիցիպալիտետի ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի կարծիքով՝ պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի նախարարությունների մակարդակով, և իրենք միջամտել չեն կարող։

Վրաստանում փոքրամասնությունների խնդիրներով զբաղվում է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարությունը։ Նախարարության քաղաքացիական ինտեգրացիայի բաժնի ղեկավար Թինա Գոգելիանին «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դասագրքերի ուշացման մեջ պետք չէ որևէ միտում տեսնել։ Հայկական գրքերը դպրոցներին չեն հասնում տեխնիկական պատճառներով, ասաց նա։

«Լուրջ խնդիրներ, միտումնավոր պատնեշներ չկան գրքերը ոչ վրացալեզու դպրոցներ հասցնելու համար։ Մենք բոլորս գիտենք, որ մայրենիի ուսուցումը տեղի է ունենում Հայաստանից ու Ադրբեջանից ուղարկված գրքերով և այնտեղի ծրագրերով։ Դրանք պարզապես ուշանում են, բայց ի վերջո տեղ են հասնում։ Օրակարգային խնդիր է այն, որ այդ դասագրքերը կազմվեն ու տպագրվեն այստեղ՝ Վրաստանում և ոչ թե բերվեն։ Հիմա մշակվում են երկրորդ լեզվի ստանդարտները»,- փոխանցեց Գոգելիանին։

Ինչ վերաբերում է հայերենին տեղում ռեգիոնալ լեզվի կարգավիճակ տալու հարցին, ապա Թինա Գոգելիանիի խոսքով՝ սա նպատակահարմար չէ։

«Այս պահին անհրաժեշտություն չկա, որ այս կամ այն լեզուն հայտարարվի տարածաշրջանային։ Ամբողջ Վրաստանի տարածքում վրացերենը պետական լեզուն է, բացի այդ, Աբխազիայի տարածքում նաև աբխազերենն է պետական լեզու համարվում։ Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին կամ Քվեմո Քարթլիին, այստեղ պատնեշներ չեն ստեղծվում տեղաբնակների համար, նրանք օգտագործում են իրենց մայրենի լեզուն, ստանում են կրթություն, չունեն որևէ ինֆորմացիայի տիրապետելու խնդիր»,- ասաց պաշտոնյան։

Կովկասագետ Մամուկա Արեշիձեն ևս համակարծիք է. հայերենին, ադրբեջաներենին, սվաներենին ու մեգրելերենին պետք չէ պետական լեզվի կարգավիճակ տալ։

«Եթե Եվրամիության հորդորին հետևենք, իսկ նրանք մեզ խորհուրդ են տալիս լուծել ռեգիոնալ լեզուների հարցը, և դա ավելի շատ վերաբերում է մեգրելերենին ու սվաներենին, ապա իմ կարծիքով՝ կկործանենք երկիրը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հայերենը պետական կարգավիճակ ստանա, երիտասարդները չեն ցանկանա վրացերեն սովորել։ Հասարակությունը կպարփակվի իր մեջ և չի զարգանա»,- ասում է կովկասագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG