Երեկ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից ապօրինի զենք զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված ևս մեկ անձ է ձերբակալվել: Քննչական կոմիտեի լրատվական բաժնի հաղորդմամբ, ձերբակալվել է Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա Հրանտ Անանյանը:
Անանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ։
«Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ Հ.Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող, գործրանային և ինքնաշեն դետալների հավաքմամբ «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված՝ գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտից՝ 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, երեկ ոստիկանությունը ապօրինի զենք զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էր ենթարկել 38-ամյա Արթուր Ղազարյանին՝ Տույ մականունով, 34-ամյա Արթուր Բորյանին՝ Կվաս մականունով, 27-ամյա Հրանտ Անանյանին, նախկինում երեք անգամ դատապարտված 36-ամյա Սարգիս Հարությունյանին, 31-ամյա Արայիկ Խաչատրյանին, նախկինում դատապարտված 39-ամյա Արմեն Մուրադյանին և 30-ամյա Սարգիս Զարգարյանին:
Արթուր Ղազարյանը և Հրանտ Անանյանը ձերբակալվել են: