Իրանն ու աշխարհի վեց գերտերություններն ուրբաթ օրը համաձայնեցին մինչև եկող երկուշաբթի օրը հետաձգել միջուկային հարցերով համաձայնագրի կնքումը։ Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երրորդ նման հետաձգումն էր։ Հիշեցնենք, որ Թեհրանն Արևմուտքին մեղադրում է գործարքի «նժարին նոր ծանրություն» դնելու մեջ։
Կողմերը հայտարարում են, թե անցած երկու շաբաթներին գրանցվել է առաջընթաց, սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի խոսքով՝ «արագությունը չափազանց դանդաղ է»։
ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պաշտոնատար անձինք հայտարարել են, թե երկարաձգվում է նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու մասին համաձայնագիրը, ինչը վերջնական գործարք կնքելու համար հավելյալ ժամանակ կտա։
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ռուսաստանը փորձում են ավարտին հասցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն 12 տարի շարունակվող հակասությունները։ Կողմերը դեռևս չեն կարողանում լիակատար համաձայնության գալ մի շարք, այդ թվում՝ Իրանի հետ զենքի առևտրի վրա ՄԱԿ-ի կողմից դրված պատժամիջոցների հարցում։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, թե Արևմուտքը առաջ է քաշում չափից մեծ պահանջներ։
Այսպիսով, բանագնացները բաց թողեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ներկայացված վերջնաժամկետը, և այժմ մինչև սեպտեմբերի 7-ը կնքվելիք որևէ գործարք Կոնգրեսի կողմից ուսումնասիրելու համար կպահանջվի ոչ թե 3Օ, այլ՝ 6Օ օր։