Հունաստանը եվրոյի գոտու մյուս 18 պետություններին է ներկայացրել պարտքերի մարման և ճգնաժամից դուրս գալու իր վերջնական ծրագիրը, որը փորձագետներն արդեն անվանել են գոտում մնալու Աթենքի վերջին հնարավորությունը:
Ըստ փաստաթղթի, որը նախապատրաստվել է Ֆրանսիայի պաշտոնյաների օգնությամբ, Հունաստանը համաձայնել է բարձրացնել հարկերը, կրճատել ծախսերը և արմատական տնտեսական բարեփոխումներ իրականացնել:
Եվրոյի գոտու անդամ պետությունների պաշտոնյաները, սակայն, դեռևս բավական հոռետեսորեն են տրամադրված:
«Մենք չենք կարող միասնություն ցուցաբերել մի երկրի նկատմամբ, որը հրաժարվում է ընդունել սեփական պարտավորությունները: Երկիրը միասնության իրավունք է ձեռք բերում միայն եթե այն ընդունում է սեփական պարտավորությունները», - ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենը:
Ներկայացված առաջարկների փաթեթը պարտատերերի հետ բանակցությունների հիմք է ծառայելու, իսկ հուլիսի 12-ին եվրոյի գոտու և Եվրամիության երկրները գագաթնաժողով են հրավիրել, որի ընթացքում էլ կորոշվի Հունաստանի հետագա ճակատագիրը:
«Կարծում եմ, մենք տեղավորվում ենք համաձայնեցված ժամանակահատվածի շրջանակում, ու հաջորդ ժամերը որոշիչ կլինեն», - ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Հատկանշական է, որ Եվրոպայի ֆինանսական շուկան ավելի «լավատես» է ապագայի նկատմամբ, քան քաղաքական գործիչները: Այսպես, եվրոպական արժեթղթերի շուկան արձագանքել է վերջին իրադարձություններին 2-տոկոսանոց աճով: Փորձագետների կարծիքով, ճգնաժամի կարգավորմանը մեծապես նպաստել է Միացյալ Նահանգները՝ հորդորելով երկու կողմերին կառուցողականություն ցուցաբերել:
Գերմանական կողմը, սակայն, եվրոյի գոտում Հունաստանի ապագայի մասին դեռևս միայն կատակում է: «Օրերս ես ընկերոջս՝ Ջեք Լյուին ասացի, որ մենք պատրաստ ենք ընդունել Պուերտո Ռիկոն եվրոյի գոտի, եթե Միացյալ Նահանգները Հունաստանն ընդունի դոլարային գոտի, նա էլ կարծեց, թե դա կատակ էր», - ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոբլեն:
Կիրակի օրը նախատեսվող գագաթնաժողովն այս առումով իրոք ճակատագրական է լինելու Հունաստանի համար, որի բնակչությունը հուլիսի 5-ի հանրաքվեում մերժեց պարտատերերի խիստ պայմանները: Այս անգամ, սակայն, Հունաստանի խորհրդարանի շենքի առջև հավաքված բազմահազարանոց ցույցը պահանջում էր իշխանություններից անել ամեն ինչ, որպեսզի երկիրը մնա եվրոյի գոտում: