Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ՄԱԿ-ում վետո դրեց Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն որակող բանաձևի վրա


Ռուսաստանը ՄԱԿ-ում վետո դրեց Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն որակող բանաձևի վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը երեկ վետո է դրել 1995 թվականի Սրեբրենիցայի բոսնիացի մահմեդականների կոտորածները ցեղասպանություն ճանաչող բանաձևի վրա: Կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 10 անդամներ, ձեռնպահ՝ 4-ը, այդ թվում՝ Չինաստանը:

Անցած դարի 90-ականներին Հարավսլավիայի փլուզվելու ժամանակ տեղի ունեցած պատերազմի միջէթնիկական արյունալի բախումների ընթացքում 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում բնակվող 8 հազար մահմեդական էր սպանվել: Այս շաբաթ օրը նշվելու է այդ ողբերգական իրադարձությունների 20-րդ տարելիցը:

Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացված նախագծում նշված էր, որ Սրեբրենիցայի ողբերգական իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելը անհրաժեշտ է հաշտեցման համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը ներկայացված տեքստը բնորոշել է ապակառուցողական, հակամարտող և քաղաքականացված: Չուրկինը հայտարարել է, որ բանաձևը չի օգնի Բալկաններում խաղաղության հաստատմանը, այլ տարածաշրջանում ավելի կբարձրացնի լարվածությունը:

ՄԱԿ-ում Բրիտանիայի փոխդեսպան Փիթեր Ուիլսոնը Մոսկվային մեղադրել է փաստերը չընդունելու մեջ:

«Ռուսաստանի գործողությունները խամրեցնում են Սրեբրենիցայի ցեղասպանությունում բոլոր զոհվածների մասին հիշողությունը», - ասել է բրիտանացին՝ նշելով, որ բանաձևն ուղղված չէ սերբ ժողովրդի դեմ:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, ով Բոսնիական պատերազմի ժամանակ լրագրող է աշխատել, Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ «Ռուսաստանի վետոն կոտրեց այդ ընտանիքների սրտերը, և սա ևս մեկ բիծ է այս Խորհրդի պատմության մեջ»:

Ռուսաստանի վետոյից հետո Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ասել է, թե «Ռուսաստանն այսօր ապացուցեց, որ իրական և անկեղծ ընկեր է»:

Սրեբրենիցայի քաղաքապետ Ջամիլ Դուրկովիչն ասել է, որ սա արդարության պարտությունն էր:

Սարաևոյում «Սրեբրենիցայի խմբի մայրեր» կազմակերպության ղեկավար Մոնիրա Սուբասիչն ասել է, որ Ռուսաստանը արդարության փոխարեն պաշտպանում է հանցագործությունը:

Միջազգային երկու դատարաններ, ՄԱԿ-ի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ Սրեբրենիցայի ջարդերը ցեղասպանություն են ընդունում, բայց այդ տերմինը վիրավորում է Սերբիային, որը Ռուսաստանին հորդորել է ՄԱԿ-ում կանխել ցեղասպանության բանաձևի ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG