Մատչելիության հղումներ

Հացադուլ եմ հայտարարել իմ արտահայտվելու իրավունքը պաշտպանելու համար․ Գասպարի


Վարդգես Գասպարին հացադուլ սկսեց
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարին հացադուլ է հայտարարել: Նա պաստառներով կանգնել է Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ նախագահական ամառանոցի մոտ՝ հայտարարելով, որ այսպիսով փորձում է պաշտպանել իր արտահայտվելու իրավունքը:

«Ես այստեղ եկել, կանգնել եմ իմ պաստառով և իմ խոսքը փոխանցում եմ հանրությանը: Դրան հակադրվում է իշխանությունը՝ կոպտագույն միջոցներով և ոստիկանական միջոցներով՝ բերման ենթարկելով և իմ տան դիմաց, փաստացիորեն, իմ և իմ ընտանիքի և հարևանների նկատմամբ կոպտագույն բռնություններ իրականացնելով: Ես այդ իրավունքը ոտնահարելու կապակցությամբ հացադուլ եմ հայտարարել և այսօր այստեղ եմ ընդամենը դրա համար, որ իմ արտահայտվելու իրավունքը պաշտպանեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին:

Նա անդրադարձավ նաև սևազգեստ մայրերի ակցիային, ովքեր պարբերաբար գնում են նախագահական՝ իրենց որդիների սպանության պատասխանատուներին գտնելու և պատժելու պահանջով:

«Սևազգեստ մայրերի պարագան, որ իրենք․․․Դեռ որդիները սպանվել են՝ ոչինչ, որ անարդարություն է եղել՝ ոչինչ, ընդամենը իրենք ուզում են իրենց ձայնը լսելի դարձնեն Սերժ Սարգսյանին, սակայն ամեն անգամ էդ կանանց փողոցներով քարշ են տալիս, բռնության են ենթարկում, որպեսզի լռեցնեն նրանց բողոքի ձայնը», - ընդգծեց ակտիվիստը:

Նա պատմեց, թե ինչպես են իր հետ վարվել ոստիկանական բաժանմունքում, երբ հուլիսի 6-ի երեկոյան բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից: Ոստիկանությունից ազատ արձակելով՝ հիշեցնենք, Գասպարիին տարել, դրել էին աղբակույտի մոտ:

«Որ ոստիկանության բաժնում էի, տարբեր մարդիկ, ոստիկաններ, աշխատողներ գալիս էին, հեգնում էին և այլն: Ոստիկանության սպաներ կողքից անցնելով՝ ասում էին, որ այ սրա տեղը հոգեբուժարանն է: Նույնիսկ մեկը, լավ հիշում եմ, ասաց՝ սրան պետք է ուղարկենք Նուբարաշենի հոգեբուժարան: Այ դա ինձ համար շատ ցցուն էր, թե որքան է փոխվել կամ բարեփոխվել ոստիկանությունը: Նրանք երբ որ իրենց անկաշկանդ են զգում, շատ անկեղծ են արտահայտվում և ցույց են տալիս, որքան նույնն են մնացել սովետական ոստիկանությունից, երբ այլախոհների տեղը ուղղակիորեն հոգեբուժարանն էր համարվում», - ասաց Վարդգես Գասպարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG