Մատչելիության հղումներ

33 թաղամասի բնակիչները այլևս «հավատ չունեն» կառավարության խոսքի նկատմամբ


33 թաղամասի բնակիչները այլևս «հավատ չունեն» կառավարության խոսքի նկատմամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00

Կառուցապատող «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունից տուժած բնակիչների հերթական խումբն առավոտից կանգնած էր կառավարության շենքի դիմաց։

Երևանի 33-րդ թաղամասի ավելի քան 150 ընտանիքները դեռ 8 տարի առաջ պայմանագիր են կնքել «Գլենդեյլ Հիլզ»-ի հետ, համաձայնել քաղաքի կենտրոնում գտնվող իրենց առանձնատներից դուրս գալ՝ 3 տարվա մեջ նույն տարածքում նորակառույց բնակարաններ ստանալու պայմանով։ 8 տարի անց, սակայն, բնակիչներն իրենց խաբված են համարում թե՛ ընկերության, թե՛ կառավարության կողմից։

«Մենք մենակ գիտենք, որ փողոցում ենք հայտնվել», - ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչներն ասում են, որ անցած տարիներին «Գլենդեյլ Հիլզ»-ը մի քանի անգամ փոխել է իր պայմաններն ու բնակիչների հետ նոր պայմանագրեր կնքել։ Սկզբում բնակարանների էին սպասում իրենց հին տների տեղում, որոնք արդեն քանդվել են, բայց նորակառույցներ չկան։ Ավելի ուշ «Գլենդեյլ Հիլզ»-ը բնակարաններ էր առաջարկել քաղաքի մեկ այլ հատվածում կառուցվող նորակառույցներում, իսկ վերջին տարիներին ընկերությունը նոր պայմանագրեր է կնքել ընտանիքների հետ՝ խոստանալով բնակարանների փոխարեն յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց 1000 դոլար փոխհատուցում տալ։ Բնակիչների պնդմամբ, թեև բոլոր առաջարկներին էլ իրենք համաձայնություն տվել են, սակայն պայմանագրերից որևէ մեկը իրականություն չի դարձել։

«Եթե էն ժամանակ գոնե խոստումներ էին տրվում, հիմա բացահայտ ոչ մի խոստում չի տրվում ու ոչ մի բան տեղից չի շարժվում», - ընդգծեց 33 թաղամասի մեկ այլ բնակիչ:

«Գլենդեյլ Հիլզ»-ը անտուն մնացած բնակիչներին անցած տարիներին բնակարաններ վարձակալելու համար գումար է հատկացնում։ Սակայն ընկերությունից տուժած բնակիչները պնդում են, որ այդ գումարները ուշացումներով են ստանում․ - «7 տարի է՝ վարձով եմ ապրում, բայց մինչև վարձը ստանում ենք, բկներիս է հասնում»:

Ընկերությունը խախտել է հերթական վերջնաժամկետը. մինչև հուլիսի 1-ը խոստացել էր լուծել խնդիրները: Այսօր ևս Երևանի կենտրոնի նախկին բնակիչները բազմաթիվ խոստումներ լսեցին։ Վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը բողոքող բնակիչներին վստահեցրեց, թե կառավարությունն արդեն 6 ամիս զբաղվում է խնդրով։

«Գլենդեյլ Հիլզ»-ը ֆինանսական դժվարություններ ունի, օգնում ենք, որ ինքը լուծի, մեր աջակցությամբ լուծում է: Դրա համար առավելագույնը 2 տարի կպահանջվի», - ասաց Դավթյանը:

Քաղաքաշինության նախարարի ու վարչապետի հետ հանդիպումներ կունենան, արդեն պայմանավորվածություններ ունեն, սակայն հույս չունեն, թե այդ հանդիպումներն արդյունք կտան։ Վերջին անգամ վարչապետի հետ հանդիպել են տասն օր առաջ։ Այդ հանդիպումից էլ սայլը տեղից չի շարժվել։ Այդուհանդերձ, կառավարության դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հորդորեց բնակիչներին՝ վստահել կառավարությանը։ ​

«Հավատ չունեմ իրենց խոսքի նկատմամբ, խաբելը իրենց ապրելակերպն է դարձել», - ասաց տարիներով բնակարանի սպասող մի բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG