Արդեն երկու օր Ազատության հրապարակում հացադուլ անող Դավիթ Սանասարյանին միացան նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող, Բաղրամյան պողոտայում ցույցերի ակտիվ մասնակիցներ 19-ամյա Գոռ Կարապետյանը, Աշոտ Շահնազարյանը, Ռոման Գալստյանը և 18-ամյա Սերյոժա Խաչատրյանը, ում ծննդյան օրն է այսօր:
Երիտասարդները հացադուլը սկսել են երեկ ու որպես դրա վերջնաժամկետ նշում են վաղը հայտարարված հանրահավաքի մեկնարկը։ Նրանք «Ազատության» հետ զրույցում ասացին, որ պահանջում են, որպեսզի ժողովուրդը գա, միանա պայքարին, ու «միասին հասնեն արդյունքի»։
Նշենք, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հինգ ակտիվիստները գտնվում են բժիշկների հսկողության տակ. շտապօգնության բժիշկները պարբերաբար ստուգում են նրանց առողջական վիճակը, այս պահի դրությամբ հացադուլավորները գանգատներ չունեն։