Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման նախաձեռնողները կգիշերեն Ազատության հրապարակում


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման համակարգողները երկուշաբթի երեկոյան հանրահավաք անցկացրեցին Ազատության հրապարակում, որի ավարտին որոշեցին գիշերել այդտեղ և ծրագրել հետագա քայլերը:

Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց՝ կոչ անելով քաղաքացիներին գալ և միանալ իրենց պայքարին:

Ակտիվիստները նաև հայտարարեցին, որ հինգշաբթի օրը՝ հուլիսի 9-ին, բողոքի հանրահավաք կանցկացվի Ազատության հրապարակում:

Հուլիսի 6-ին ժամը 12:30-ին սկսած գործողությամբ ոստիկանությունը ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը Բաղրամյան պողոտայում, որը շարունակվում էր արդեն երկու շաբաթ, և վերականգնեց պողոտայի երթևեկությունը: Ցուցարարների տեղադրած բարիկադները՝ «Սանիտեկ» ընկերության աղբամանները, հեռացվեցին, իսկ պողոտայից հեռանալ հրաժարվող ցուցարարներից 46 հոգու ոստիկանները բերման ենթարկեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակեցին:

Հիշեցնենք՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկեց բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին տեղափոխվեցին Բաղրամյան պողոտա, սակայն դեպի Բաղրամյան 26` Հայաստանի նախագահի նստավայր նրանց ճանապարհը փակեց ոստիկանությունը, որը ջրցան մեքենաների կիրառմամբ հաջորդ օրը վաղ առավոտյան ցրեց ակցիան, 237 մարդ բերման ենթարկվեց: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք անցկացվեց Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ այն անընդմեջ շարունակվեց մինչև հուլիսի 6-ը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, վերանայել գործող սակագինը՝ նվազեցման միտումով, և պատժել հունիսի 23-ի բռնությունների պատասխանատուներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG