#ElectricYerevan բողոքը վկայում է, որ նախկին խորհրդային տարածքի մյուս երկրների համեմատ՝ Հայաստանում գոյություն ունի որոշակի բազմակարծություն, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆը:
Վերլուծաբանի խոսքով՝ եթե չլինի իրավիճակի ծայրաստիճան լարում, եթե էլեկտրականության գների վերաբերյալ նախագահ Սարգսյանի խոստումները իրականանան և ցուցարարների դեմ ճնշումներ չգործադրվեն, մի քանի շաբաթվա ընթացքում բողոքը կհանդարտվի։
«Եթե փորձ արվի կտրուկ լարել իրավիճակը, բողոքի մասնակիցների վրա ճնշման փորձ արվի, գործընթացի արմատականացում կարող է տեղի ունենալ. կավելանա փողոց դուրս եկող մարդկանց թիվը, և Հայաստանն իրական լայնածավալ քաղաքական ճգնաժամում կհայտնվի»,- ասում է վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ ցուցարարների խաղաղ գործելաոճը և իշխանությունների խելամիտ մոտեցումները ողջունել էր Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքով, երկու կողմն էլ՝ թե՛ կառավարությունը և թե՛ ցուցարարները, խնդրի կարգավորմանը մոտենում են լուրջ և փորձում են սառը գլխով իրավիճակի լուծումներ գտնել։
«Ողջունելի է, որ բողոքները հիմնականում խաղաղ են ընթացել, և ապահովվել է քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել էր Բարսամյանը։
Ջեֆրի Մանքոֆը ավելացրեց, որ բողոքներում սոցիալական ցանցերի դերի ավելացումը կապված է առաջին հերթին նոր սերնդի ասպարեզ դուրս գալու հետ.- «Հայաստանում, ինչպես նաև շատ այլ տեղերում, սերունդ է գալիս, որն անհամեմատ ավելի լավ է իրեն զգում առցանց տարածքում, սոցիալական ցանցերում»:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանն ընդգծում է, որ սոցիալական ցանցերն ընդամենը որոշ սերնդի ներկայացուցիչների ինքնակազմակերպման միջոց են, մինչդեռ բողոքի բուն պատճառները կապված են թերի կառավարման և կոռուպցիայի հետ.- «Այդ պատճառները չեն վերացել, ու թեև գների բարձրացումն առաջ բերեց բողոքի կայծը, հրդեհի համար բավականաչափ վառելիք դեռևս մնում է»:
Այս պայմաններում, ընդգծում է վերլուծաբանը, իշխանություններին առավել կարևոր է դրսևորել նուրբ գործելաոճ և զերծ մնալ որևէ բռնության գործադրումից:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Ամերիկայի Ձայն»-ի էջում: