Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր են հայտնաբերվել


Նախկինում համարվում էր, որ Ցեղասպանության տարիներին փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր, որոնք պատկերում են, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետև՝ նավակներով հեռանում Թուրքիայից:

Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ Ցեղասպանության տարիներին փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին Ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են:

Տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից և հինգշաբթի օրը ցուցադրվելու են Իտալիայում այս օրերին անցնող Il Cinema Ritrovato («Վերականգնված կինո») Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով:

Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ դրանք նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում:

«Ես նկատեցի, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված: Դա Ստամբուլն է, և այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիները հայ որբ երեխաներին էին խնամում մինչ Ստամբուլից նրանց տեղափոխելը», - ասում է Լվինսքին:

Նրա խոսքով՝ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը դրանք պահվել են Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Հեղինակը դեռևս անհայտ է մնում:

«Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոփառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են, և հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաև Ստամբուլում», - ասում է Մերիան Լվինսքին:

Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաև Համո Բեկնազարյանի «Նամուսը», Փարաջանովի «Սայաթ-Նովան» և Մալյանի «Նահապետը», սակայն, կազմակերպիչների խոսքով, փառատոնի զմրուխտը «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» նորահայտ բացառիկ տեսանյութն է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG