Միացյալ Նահանգների և Կուբայի՝ ավելի քան 50 տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ վերջերս նախաձեռնված մի շարք քայլերից է Վաշինգտոնում և Հավանայում դեսպանատները վերաբացելու երկու երկրների պատրաստակամությունը։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Կուբային մեկուսացնելու Միացյալ Նահանգների ջանքերը, հիմքում ունենալով հանդերձ լավ մտադրություններ, հաճախ հակառակ արդյունքի են հանգեցրել: Դրանցից են ստատուս քվոյի պահպանումը և Միացյալ Նահանգների մեկուսացումը հարևան երկրներից:
«Այսօրվա գրանցված առաջընթացը անցյալի շղթաներից ձերբազատվելու գաղափարի մեկ այլ դրսևորում է: Երբ ինչ-որ բան չի գործում, մենք այն կարող ենք և պետք է փոխենք», - ասաց Օբաման:
Միացյալ Նահանգների նախագահը դեսպանատան բացման վերաբերյալ հայտարարության հետ մեկտեղ նշեց, որ ԱՄՆ-ը ավելի հաճախ առնչություն կունենա Կուբայի ժողովրդի հետ, և որ դիվանագետները անմիջական կապի մեջ կլինեն Կուբայի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Սակայն նա նաև ասաց, որ Կուբայի հետ Միացյալ Նահանգների լուրջ տարաձայնությունները կպահպանվեն:
«Տարաձայնությունների թվում են Միացյալ Նահանգների կողմից այնպիսի համաշխարհային արժեքների խրախուսումը, ինչպիսին են խոսքի և հավաքների ազատությունն ու տեղեկատվության ստացման հնարավորությունը», - հայտարարեց Օբաման:
Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հաստատել է, որ դեսպանատների վերաբացումը տեղի կունենա մինչև հուլիսի 20-ը: