Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին:
Նալբանդյանը, ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, և գոհունակություն է հայտնել շարունակական քաղաքական երկխոսության կապակցությամբ։
Նիք Գըրն ասել է, որ իր այցելության նպատակն է առաջին ձեռքից ծանոթանալ տարածաշրջանի գործընթացներին և դրանց վերաբերյալ մոտեցումներին։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության շուրջ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ գործողություններին։
«Նալբանդյանը հյուրին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության, Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վրա»,- ասված է հաղորդագրությունում։