Մատչելիության հղումներ

Կիևի վերաքննիչ դատարանի նախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ


Անտոն Չերնուշենկո
Անտոն Չերնուշենկո

Կիևի վերաքննիչ դատարանի նախագահ, կաշառակերության մեջ մեղադրվող Անտոն Չերնուշենկոն այսօր առավոտից անհետացել է, չի ներկայացել աշխատանքի:

Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադան հավանության է արժանացրել դատարանի նախագահին անձեռնմխելիությունից զրկելու, ձերբակալման և կալանավորման վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ուկրաինական «24» հեռուստաալիքի լրագրողի հարցին ի պատասխան՝ Չերնուշենկոյի կինը հեռախոսով ասել է, թե ամուսինն «արձակուրդում» է, և հրաժարվել է պատասխանել հարցին, թե որտեղ է նա:

Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան քիչ առաջ ասաց, թե դատախազությունը տեղյակ է՝ որտեղ է Չերնուշենկոն, սակայն չմասնավորեցրեց նրա գտնվելու վայրը:

Հունիսի 24-ին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը Չերնուշենկոյին տեղեկացրել էր, որ նա մեղադրվում է կաշառք ստանալով դատարանի փաստաթղթերի ավտոմատացված շրջանառությանն ապօրինի միջամտելու և անօրինական դատական ակտեր կայացնելու մեջ: Եթե բարձրաստիճան դատավորին վերաբերող պնդումները հաստատվեն, նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Անցյալ շաբաթ ուկրաինացի իրավապահները հրապարակել էին վերաքննիչ դատարանի նախագահի աշխատասենյակում խուզարկության տեսանյութը:

Չերնուշենկոյի մոտ հայտնաբերվել է 6.5 հազար ամերիկյան դոլար և 30 հազար ուկրաինական հրիվնա: Նա փորձել է փողերի մի մասը թաքցնել թիկնոցի տակ: Բարձրաստիճան դատավորի մոտ հայտնաբերվել է նաև հարազատների անունով գրանցված 5 ավտոմեքենայի բանալի և 14 տոննա բենզինի կտրոն: Խուզարկություններ են եղել նաև դատավորի երկու բնակարաններում:

Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն Ֆեյսբուքում հրապարակել էր հաղորդագրություններ, որոնք, ըստ պատգամավորի, ուղարկել են վերաքննիչի նախագահին՝ նախանշելով դատարանի «ցանկալի որոշումները»: Դրանցից մեկը վերաբերում է անձին կալանքից ազատելուն և տնային կալանքի ենթարկելուն: Մյուս հաղորդագրությունը, ըստ Գերաշչենկոյի, եղել է հետևյալը․ - «Նվազեցնել գրավը՝ 30 միլիոնի փոխարեն կիրառելով 500 հազար հրիվնա»:

Երբ արդեն Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել էր վերաքննիչի նախագահին ձերբակալելու բավարար հիմքերի մասին, նա նաև տեղեկացրել էր, որ այդ ընթացքում դատարանի նախագահը հրաժարվել է դուրս գալ աշխատասենյակից, փոխարենը ուշադիր հետևում էր իրեն ձերբակալելու մասին գլխավոր դատախազի՝ ուղիղ եթերով հեռարձակվող մամուլի ասուլիսին:

Իսկ դատավորը երեք օր աշխատասենյակում մնալուց հետո հունիսի 22-ին դուրս է եկել և շտապել շփվել լրագրողների հետ: Ուղիղ եթերով հեռարձակված ասուլիսի ժամանակ նա հերքել է մեղադրանքները, ասել, թե իրեն թույլ չեն տվել լքել աշխատասենյակը:

Չհերքելով հայտնաբերված 6.5 հազար դոլարի մասին պնդումները՝ Չերնուշենկոն ասել է, թե իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելը «պատվեր» է: Ինչ վերաբերում է խոշոր չափի գումարին, դատավորն ասել է՝ շուրջ 30 հազար ուկրաինական հրիվնան (ավելի քան 1400 դոլար) նախատեսել էր այդ օրվա տան գնումների համար: Իսկ 6 հազար 500 դոլարը, ըստ դատավորի, նախատեսված է եղել 5 ատամի համար. - «Պատրաստվում էի ժամը 9։30 նշանակված միակ գործի քննությունից հետո գնալ ատամնաբույժի մոտ»:

Ուկրաինացի իրավապահների քննչական նյութերում արձանագրված 14 տոննա բենզինի կտրոնների կապակցությամբ դատավորը հայտարարել է, թե դրանք նվեր է ստացել արտերկրում:

«Մի մասը օգտագործել էի, մի մասը մնում էր, քանի որ սիրուն նկար կար կտրոնների վրա, դեն չէի նետում», - բացատրել է կաշառակերության մեջ մեղադրվող դատավորը:

Ինչ վերաբերում է ուկրաինական Գերագույն ռադայի պատգամավորի հրապարակած տեղեկությանը, թե կան նամակներ, որոնցով հաստատվում է, որ դատավորին հորդորել են կայացնել այս կամ այն որոշումը, Անտոն Չերնուշենկոն չի բացառել դրանց գոյության մասին պնդումները, իսկ բովանդակությունը որակել է «անհեթեթ» և պնդել, թե չի նկատել, որ նամակներ է ստացել:

Մեղադրանքների կիզակետում հայտնված դատավորը խոսել է նաև իր բնակարանում հայտնաբերված ատրճանակների մասին: Ասել է՝ դրանցից մեկը 10 տարի առաջ է ստացել Գերագույն դատարանից իբրև ծառայողական զենք, իսկ երկրորդն իրեն նվիրել է անվտանգության ծառայության աշխատակիցը:

Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ հավանության է արժանացրել նաև գլխավոր դատախազի մեկ այլ միջնորդություն, ըստ որի՝ հարկ է անձեռնմխելիությունից զրկել և կալանավորել նաև Օդեսայի տնտեսական դատարանի դատավոր Մեդենցևին:

Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը 2014 թվականի սեպտեմբերին վավերացնելուց հետո պարտավորվել էր պայքարել կոռուպցիայի դեմ:

Եվրոպական հանձնաժողովը մայիսին բավարար չէր համարել Ուկրաինայում շարունակվող բարեփոխումները և խոստացել անհրաժեշտ բարեփոխումների դեպքում վիզային ռեժիմի հարցը վերանայել տարեվերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG