Մատչելիության հղումներ

Իրավապահները «Սանիտեկի» աղբամանները առգրավելու որոշում ունեն․ Հարուցվել է քրեական գործ


Իրավապահները «Սանիտեկի» աղբամանները առգրավելու որոշում ունեն․ Հարուցվել է քրեական գործ
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:

Այս մասին հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ով նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այժմ քննիչի կողմից, ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ, իրականացվելու է առգրավման քննչական գործողությունը:

«Ցանկացած խոչընդոտմանն ուղղված գործողություն կարժանանա իրավական գնահատականի», - հավելեց Արսեն Այվազյանը:

Նա հավելեց, որ այս պահին գործով կասկածյալ կամ մեղադրյալ չկա, օրենքով սահմանված կարգով առգրավման որոշումը ենթակա է ծանոթացման այն անձին, ում մոտից պետք է կատարվի առգրավումը:

«Եթե կա անձ, ով տվյալ պահին համարում է, որ այս աղբամանները պատկանում են իրեն կամ ինքը տիրապետող է հանդիսանում տվյալ պահին, խնդրում եմ մոտենալ, և եթե կա առարկություն՝ ներկայացնել այն», - նաև ասաց գնդապետ Այվազյանը:

Այս հայտարարությունը հարուցեց ցուցարարների դժգոհությունը: Ողջ գիշեր Բաղրամյան պողոտայում լուսացրած ցուցարարները միանգամից բարձրացան աղբամանների վրա, մի մասը նստեց կամ պառկեց դրանց դիմաց՝ նշելով, որ ոչ մի կերպ չեն պարտրասվում զիջել այդ աղբամանները, քանի որ դրանք իրենց համար որպես բարիկադ են ծառայում:

Նրանք պարբերաբար հիշեցնում էին հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանության իրականացրած գործողությունը՝ բռնությունները և ջրցան մեքենան, և աում էին, որ այս բարիկադները արդեն վեց օր է պաշտպանում են իրենց:

Ոստիկանության գնդապետի խոսքով՝ «Սանիտեկ» ընկերությունն է հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացրել: Արսեն Այվազյանը ասաց՝ եթե կան անձինք, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ հայտարարությանը, կարող են գալ և ընթերցել: Ի պատասխան՝ ցուցարարները պահանջեցին իրենց ներկայացնել այդ որոշման 15 հազար օրինակ, նշելով, որ ակցիայի մասնակիցները 15 հազարից ավելին են, բայց հենց այդքան են պահանջում, որպեսզի երեկոյան կամ ողջ օրվա ընթացքում մարդկանց ծանոթացնեն այդ որոշմանը:

Ցուցարարները ասում են, որ ոչ մի կերպ չեն զիջելու բարիկադները: Ոստիկանության գնդապետը հեռացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG