Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը 23:00-ից հետո «կվերականգնի հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության և ոստիկանության հետագա գործողությունների հետ կապված:

Պնդելով, որ հունիսի 19-ից՝ 23:00-ից հետո Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցը անօրինական է, չկա լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն և ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, իսկ այն գործողությունները, որոնք եղել են ոստիկանության կողմից, եղել են ադեկվատ, համաչափ և բխել են օրենքից, ընդհուպ կիրառված ֆիզիկական ուժը, Երևանի փոխոստիկանապետը, այնուհետև, շարունակեց․ -«Ինչ վերաբերում է այն փաստին, որ ամբողջությամբ պարալիզացրել են Բաղրամյան պողոտան և աղբամաններ են տեղադրել այստեղ, որը ևս անընդունելի է՝ ոստիկանությունը թե՛ բնակիչներից, թե՛քաղաքացիներից բողոքներ է ստացել և այստեղ նույնպես ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում»:

Փոխոստիկանապետի պնդմամբ, ոմանք ոստիկանության «հանդուրժողականությունը» դիտարկում են որպես անգործություն․ -«Բայց սակայն այդպես չէ: Դուք ինքներդ ականատես եղաք և ինքներդ զարմանում եք, թե ինչպե՞ս եղավ, որ ոստիկանությունը հայտնաբերել է զենքով քաղաքացի: Դա ևս փաստում է, որ ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ և այսքան քաղաքացիների միջից հայտնաբերել է զինված քաղաքացու: Ոստիկանության տեսադաշտում են նաև բոլոր այն չակերտավոր ասած ակտիվիստները, կամ մասնակիցները, որոնք դրսևորում են ագրեսիվ վարքագիծ և հանդիսանում են նաև սադրիչ»:

Օսիպյանը պնդեց, որ Ոստիկանությունը կարող է հասարակական կարգը վերականգնել, ուղղակի չեն ցանկանում «ավելորդ լարվածություն» ստեղծել: Նա կարծիք հայտնեց, որ հավաքի մասնակիցներ մեծ մասը ունի «արդար պահանջներ», սակայն կան մարդիկ՝ «հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ» որոնք այդ ամենը օգտագործում են և նախագահի հայտարարությունից հետո արդեն փորձում են «ուրիշ ուղիով տանել» ամեն ինչ:

«Մենք նաև տեսնում և զգում ենք, որ մեծ մասը պատրաստ է այս ամենը, որը բավական երկար ժամանակ տևել է, վերադառնալ օրինական դաշտ», - նշեց Երևանի փոխոստիկանապետը, - «Մենք շնորհավորում ենք բոլորիս՝ հավաքի մասնակիցներին, համակարգող խմբին, ոստիկաններիս, մեր՝ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչներին: Այո՛, սա հաղթանակ է: Ոստիկանությունը իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ անել և հորդորում ենք հավաքի բոլոր մասնակիցներին ողջամիտ լինել: Նաև տեղեկացված ենք, որ ժամը 18:00-ին այստեղ բոլորը հավաքվելու են և քննարկումներ են լինելու հետագա քայլերի մասին, թե ինչ անել: Հորդորում ենք վերադառնալ կա՛մ Ազատության հրապարակ, կամ ընտրել այնպիսի մի վայր, որը չի խախտի մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չի փակվի ճանապարհի բանուկ մաս: Հորդորում ենք բոլորին, որպեսզի ողջամիտ լինեն և դադարեցնեն բոլոր անօրինական գործողությունները՝ հատկապես 23:00-ից հետո, երբ խախտվում է լռության ժամը»:

Նա հայտարարեց, որ բազմաթիվ բողոքներ ունեն բնակիչներից, որ այն մասին, որ խախտվում է հասարակական անդորրը:

«Այն քաղաքացիները, ովքեր կշարունակեն կարգ խախտել, կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի սահմաններում: Օրենքի սահմաններում ոստիկանությունը կօգտագործի ամեն ինչ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնի տևական ժամանակ արդեն իսկ խախտված հասարակական կարգը», - ընդգծեց Օսիպյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG