Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան լրատվամիջոցների մեծ մասը լռում են երևանյան ցույցերի մասին


Լեռնային Ղարաբաղ - Կյանքը մայրաքաղաք Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղ - Կյանքը մայրաքաղաք Ստեփանակերտում, արխիվ

«Ղարաբաղյան մամուլը լուռ էր նաև մարտի 1-ի դեպքերի ժամանակ», - հիշեցնում է Karabakh-open.am կայքի գլխավոր խմբագիրը:

Հոսանքի թանկացման դեմ Երևանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերն ու լրագրողների հանդեպ բռնությունները բացարձակ անուշադրության մատնվեցին Լեռնային Ղարաբաղի՝ պետական աջակցություն վայելող լրատվամիջոցների կողմից: Ազգային միասնականություն քարոզող այդ լրատվամիջոցները շատ դեպքերում լռում են անգամ չոր փաստերի մասին:

Տեղական լրատվամիջոցներից մեկը՝ Karabakh-life.am-ը, օրինակ, գրում է․ - «Պիտի փաստենք, որ ազգությամբ հայ, սակայն էությամբ օտար անձինք, ունենալով անձնական շահ և համաքաղաքացուն մոլորեցնելու խնդիր, տարիներ շարունակ զբաղվում են խաբեությամբ՝ մարդկանց մեջ ներարկելով ագրեսիա»:

Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերությունը ևս չի անդրադարձել երևանյան ցույցերին: Հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված դրանք անտեսելու որոշումը:

Ցույցերի մասին լռում է նաև վերջերս «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համագործակցության հուշագիր ստորագրած «Արցախպրես»-ը: Գործակալության գլխավոր խմբագիր Վահրամ Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում պատճառաբանեց՝ դա ներհայաստանյան խնդիր է:

Փոխարենը, «Արցախպրես»-ի կայքում բազմաթիվ են հրապարակումներն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու բողոքի ցույցերի մասին:

«Դա մեր լրատվամիջոցի խնդիրն է, մենք ենք որոշում՝ ինչ լուսաբանել, ինչ՝ չէ: Ամեն դեպքում, իմ կարծիքով, եթե արցախցիները ցանկանում են տեղեկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում, այնպես չի, որ պարտադիր պետք է «Արցախպրես»-ի միջոցով տեղեկանան: Ներքաղաքական բոլոր տեսակի հարցերը «Արցախպրես»-ը իր գործունեության ընթացքում երբևէ չի լուսաբանել», - ասաց Պողոսյանը:

Karabakh-open.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Դանիելյանը, մինչդեռ, անընդունելի է համարում նման պատճառաբանությունները: «Ինչո՞ւ են այդ դեպքում հայաստանյան լրատվամիջոցները Ղարաբաղի ներքին իրադարձություններին ակտիվորեն անդրադառնում», - հակադարձում է նա:

«Եթե մենք խոսում ենք միացյալ հայրենիքի, միացյալ Հայաստանի մասին, կարծում եմ՝ երբեք չպետք է անտարբեր անցնենք դրա կողքով, որովհետև իրականում էլեկտրաէներգիայի թանկացումը մեզ էլ է անդրադառնալու շուտով: Ճիշտ է, կառավարությունը կարող է սուբսիդավորել այդ տարբերությունը , բայց դա նաև նույն պետբյուջեի հաշվին է, պետբյուջեով նախատեսվող ինչ-որ ծրագրեր կրճատվելու են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան լրատվամիջոցների լռության պատճառն այն է, որ նման ցույցերը Ղարաբաղում ընկալում են որպես գործողություն՝ ուղղված իշխանությունների դեմ, այլ ոչ թե որպես պայքար իրավունքների համար: «Ղարաբաղյան մամուլը լուռ էր նաև մարտի 1-ի դեպքերի ժամանակ», - հիշեցրեց Դանիելյանը:

«Ես չեմ հիշում, որ ղարաբաղյան լրատվամիջոցներն անդրադառնան Հայաստանի ներքաղաքական նման զարգացումներին: Ուրիշ զարգացումների կարող են անդրադառնալ, բայց եթե խոսքը իր մեջ պարունակում է իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոք, ապա դրանից զերծ են մնում ու կարծես թե չեն անդրադառնում այդ նյութերին», - նշեց Karabakh-open.am-ի գլխավոր խմբագիրը:

Վլադիմիր Դոլուխանյանը, որը Ստեփանակերտում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից էր, սոցիալական ցանցերով ուշադրությամբ հետևում է Երևանի իրադարձություններին ու իր համերաշխությունը հայտնում պայքարի դուրս եկած ակտիվիստներին: Ասում է՝ ինքը միակը չէ:

«Տեխնոլոգիաների այս դարաշրջանում հերիք է սոցկայքերում հետևել արցացխի օգտատերերին և կհասկանաք, որ այդքան էլ անտարբեր չեն ու իրենց համերաշխությունն արցախցի օգտատերերը ցուցաբերում են Երևանում կատարվող դեպքերի և մասնակիցների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դոլուխանյանը:

Մինչ ղարաբաղյան լրատվամիջոցները պնդում են, որ իրենց լսարանին չեն հետաքրքրում երևանյան իրադարձությունները, «Ազատության» հետ զրույցներում ստեփանակերտցիները հակառակը փաստեցին՝ ստիպված տեղեկատվությունը փնտրում են այլ լրատվամիջոցներում:

Ղարաբաղյան լրատվամիջոցների մեծ մասը լռում են երևանյան ցույցերի մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG