Մատչելիության հղումներ

Ծաղկավաճառ Վարդան․ Հուսով եմ, կհասնենք մեր նպատակին, և Երևանը ավելի սիրելի կդառնա


Ծաղկավաճառ Վարդան․ Հուսով եմ, կհասնենք մեր նպատակին, և Երևանը ավելի սիրելի կդառնա
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

29-ամյա Վարդան Հովհաննիսյանը հայտնի է Երևանում․ սեփական մոտոցիկլետով ծաղիկներ է առաքում։

Վերջին օրերին հաճախ է գալիս Բաղրամյան պողոտա՝ սատարելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին։

Վարդանն իր մոտոցիկլետը զարդարել է «Ո՚չ թալանին» պաստառներով՝ ճանապարհին հանդիպող մարդկանց հորդորելով միանալ պայքարին։

«Էն, ինչ որ ժողովուրդն ա ուզում, ես էլ եմ ուզում: Թե՛ էժանանա, թե՛ գոնե մի փոքր պայմանները լավանան, թե չէ 7 դրամը հարյուր հատ 7 էլ ա իրա հետևից բերելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արդեն մի քանի օր է՝ Վարդանը ցուցարարների հետ է գիշերում, առավոտյան 5-ին շտապում ծաղկի շուկա։ Նալբանդյան փողոցում բնակիչները նրան նկուղ են տրամադրել, որտեղ և մշակում է ծաղիկներն ու փաթեթավորում։

Էլեկտրաէներգիայի թանկացման բարդ հաշվարկներ չի անում. դպրոց չի հաճախել՝ ութ տարեկանից սկսել է աշխատել, ծաղիկ վաճառել՝ մորը, քրոջն ու եղբորն օգնելու համար։ Թեև 13 տարեկանում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, սակայն ստիպված է առանց հանգստի աշխատել։

«Ես վարձով եմ ապրում, ընտանիքը ես եմ պահում: Երկու երեխա ունեմ, ավտովթարի եմ ենթարկվել, մանկուց հաշմանդամ եմ, ու ամեն ինչ իմ ուսերի վրա ա: Ճիշտ ա, ինձ օգնում են դրսում, փողոցում, բայց սրանից հետո, որ 7 դրամ ասում են, էդ մենակ լույսը չի, 10 դրամ հացը կթանկացնեն, 5 դրամ ձուն կթանկացնեն ու էդպես շարունակ։ Հլը ես կարողանում եմ ծաղիկ, փուչիկ վաճառելով ընտանիքս պահեմ, մարդիկ կան, որ շատ վատ վիճակի մեջ են», - ասաց նա։

19 հազար դրամ նպաստը, որ ստանում է, բավարար չէ երկու զավակներին պահելու և տան վարձը վճարելու համար։ Պայքարում է, որ զավակները, որոնցից մեկը դեռ մի քանի օրական է, ապրեն ավելի լավ երկրում։

Վարդանն ուրախ է, որ հարազատ Երևանի փողոցները հիմա լցվել են նոր աշխուժությամբ․ - «Ճիշտ ա, իմ կյանքի մեծամասնությունը անցել ա փողոցում, բայց էսքան ժամանակ թե՛ միտինգներում, թե՛ որտեղ որ հավաքվում են, սենց աշխուժություն չէի տեսել: Միասնական պայքարում են, ու հուսով եմ՝ կհասնենք ինչի համար որ պայքարում ենք, և Երևանը ավելի սիրելի կդառնա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG