Մատչելիության հղումներ

Երևանի ցույցերը Մայդանի հետ համեմատելը անիմաստ է․ ամերիկացի վերլուծաբան


Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 24-ը հունիսի, 2015թ․
Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 24-ը հունիսի, 2015թ․

Քաղաքական ճգնաժամերը վիրուս չէ, որը մի տեղից տարածվում է մեկ այլ տեղ, այլ արտահայտում են կոնկրետ խնդիրներ, շեշտում է Փոլ Գոբլը:

Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ, ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը ասել է, թե էլեկտրաէներգիայի սակագանի բարձրացման դեմ Երևանում անցկացվող բողոքի ակցիաները քիչ ընդհանրություն ունեն Ուկրաինայի հեղափոխության հետ, սակայն ռուսական աշխարհաքաղաքական հռետորաբանությունը ամեն ինչ նույնացնելու սովորություն ունի:

The Interpreter կայքում երեկ Փոլ Գոբլը գրել է․ - «Այս շաբաթ Երևանում սկսված ակցիաները Ռուսաստանի շատ վերլուծաբաններ շտապեցին ներկայացնել որպես նոր Մայդանի սկիզբ, որպես հակամոսկովյան գործողություն, որը խրախուսվում և ներդրվում է Արևմուտքի կողմից և հանդիսանում է աշխարհաքաղաքական լայն պայքարի մի մաս: Սակայն իրադարձությունների այսպիսի մեկնաբանությունը վտանգավոր է և կարող է, ինչպես ասում են, ինքն իր գլխին փորձանք բերել»:

Գոբլը նաև նշել է, որ Երևանի իրադարձությունները Մայդանի հետ համեմատելը բացարձակապես անիմաստ է:

«Նրանք, ովքեր հետխորհրդային տարածքում ցանկացած դժգոհության մեջ Մայդան են տեսնում, այսպես կոչված, աշխարհաքաղաքական սահմանումների զոհ են, որի համաձայն՝ ամեն ինչ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմ է ուրիշի ձեռքերով», - գրել է ամերիկացի վերլուծաբանը:

Մարդիկ մոռանում են, որ քաղաքական ճգնաժամերը վիրուս չէ, որը մի տեղից տարածվում է մեկ այլ տեղ, այլ արտահայտում են կոնկրետ խնդիրներ, շեշտել է Գոբլը:

Նա մեջբերում է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովին, ով Ռուսաստանի իշխանություններին զգուշացրել է, որ հայաստանյան իրադարձությունների սխալ մեկնաբանությունները կարող են հանգեցնել այլ զարգացումների: Փոխարենը, նա Ռուսաստանին հորդորել է երկու կողմի հետ՝ կառավարության և ժողովրդի հետ ուղիները բաց պահել և խրախուսել խնդիր կարգավորումը, այլ ոչ թե պաշտպանել կողմերից մեկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG