Մատչելիության հղումներ

«Հայկական Մայդան». Ռուսաստանում խեղաթյուրվում է հայերի խաղաղ բողոքը


Վերջին օրերին ռուսաստանյան լրատվամիջոցներին հետևող հայաստանցիները զարմանքով բացահայտեցին, որ Երևանի կենտրոնում քաղաքացիների բողոքն իրականում ոչ թե ինքնաբուխ է, այլ Արևմուտքի կողմից կառավարվող, իսկ դրա մասնակիցները՝ ոչ թե խաղաղ ցուցարարներ, այլ զինված հանցագործներ:

Ռուսաստանի պետականամետ լրատվամիջոցների կարծիքով, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մեծ տարածքն ապացույց կարող է հանդիսանալ այն բանի, որ էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ բողոքները հրահրվել էին հենց այդ դեսպանատնից, իսկ այն փաստը, որ ամերիկյան և եվրոպական երկրների դեսպանատները կոչ են արել Հայաստանի իշխանություններին հետաքննություն անցկացնել, ուղղակիորեն Արևմուտքի մեղավորության վկայությունն է:

«Ո՞ւմ է պետք հսկայական ներկայացուցչություն մի երկրում, որի բնակչությունն ընդամենը երեք միլիոն է», - հարց է տալիս Ռուսաստանի պետական հեռուստաալիքի աշխատակիցը և ինքն էլ պատասխանում՝ խնդիրը ռազմավարական է, և բողոքն անհրաժեշտ է դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից, իսկ գների թանկացումն ընդամենը առիթ է:

Հիշեցնենք, որ թե՛ բողոքի մասնակիցները, թե՛ Սփյուռքում բնակվող բազմաթիվ անվանի հայեր կոչ են արել միջազգային լրատվամիջոցներին չքաղաքականացնել հայ երիտասարդների խաղաղ բողոքը:

Բողոքի խաղաղ բնույթը, սակայն, Ռուսաստանի իշխանական ալիքներում կասկածի տակ է դրվում: Այսպես, «Ռոսիա» հեռուստաալիքի հավաստմամբ, Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում գտնվող հայ ցուցարարները զինված են եղել դանակներով և երկաթե մահակներով, ինչը ստիպեց ոստիկաններին ուժ կիրառել:

Քաղաքագետ և Ռուսաստանի հանրային խորհրդի կարկառուն անդամ Սերգեյ Մարկովն էլ հայտարարել է, թե Ուկրաինայից արդեն Հայաստան են ժամանել բազմաթիվ զինյալներ, որոնք թաքնվել են Երևանի կենտրոնում՝ հայ ցուցարարների շրջանում:

Իրենց հերթին, երևանաբնակ, սակայն ավանդաբար մոսկվայամետ վերլուծաբաններն արդեն բարդ դավադրություններ են նախագծում, ըստ որոնց, բողոքի ակցիաներում մասնակցող հայ ժողովուրդը, բացարձակապես զրկված լինելով սեփական կամքից, ուղղակիորեն կառավարվում է արտերկրից:

Կրքերը փոքր-ինչ թեժացրել էր Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով սոցիալական ցանցի իր անձնական էջում հայերին ուղղված գրառում էր կատարել, որը սկսվում էր «Իմ թանկագին Հայաստան» բառերով: Մոսկվայում դրան արձագանքեցին բավականին նյարդայնացած՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ ավելի կոշտ գործել: Նախորդ օրվա միջադեպից հետո, սակայն, Հայաստանի իշխանությունները զսպվածություն են ցուցաբերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG