Մատչելիության հղումներ

Ռուսաստանում տուգանում են չգրանցվող «օտարերկրյա գործակալներին»


Ռուսաստան - «Լիբերալ առաքելություն» հիմնադրամի ղեկավար, էկոնոմիկայի նախկին նախարար Եվգենի Յասին, արխիվ
Ռուսաստան - «Լիբերալ առաքելություն» հիմնադրամի ղեկավար, էկոնոմիկայի նախկին նախարար Եվգենի Յասին, արխիվ

Կազմակերպությունները, մինչդեռ, պնդում են, որ իրենց ծրագրերը ֆինանսավորվել են տեղական աղբյուրներից:

Մոսկվայի առաջին ատյանի դատարանը երեկ 300 հազար ռուսական ռուբլու՝ ավելի քան 5 հազար 500 դոլարի չափով տուգանք է սահմանել «Լիբերալ առաքելություն» հիմնադրամի նկատմամբ՝ պատճառաբանելով, թե կազմակերպությունն անտեսել է օրենքի պահանջը, չի գրացվել որպես «օտարերկրյա գործակալ»:

Դատարան հայց էր ներկայացրել արդարադատության նախարարությունը: Կառավարության ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ հիմնադրամը երկու ծրագրեր է իրականացրել, որոնք ֆինանսավորվել են արտերկրից:

Ռուսաստանի արդարադատության նախարարության ուշադրությունը գրավել է, մասնավորապես, «Լիբերալ առաքելություն» հիմնադրամի հրատարակած «Իրավունք և իշխանություն» գիրքը և «Ես կարծում եմ» խորագրով խորհրդաժողովը: Նախարարությունը պնդել է, որ այս երկու ծրագրերի հիմքում քաղաքական վարքագծի քարոզչություն կա, և, ըստ պաշտոնական պնդումների, քանի որ հիմնադրամն այդ ծրագրերի համար գումար է ստացել արտերկրից, պետք է անհապաղ գրանցվեր օտարերկրյա գործակալների ռեեստրում:

Մինչդեռ հիմնադրամի ղեկավար, տնտեսագիտության ոլորտում հայտնի գիտնական և Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Եվգենի Յասինի ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ ծրագրերի իրականացման համար ծախսվել է «Դինաստիա» հիմնադրամի նվիրատվությունը:

Անցյալ շաբաթ դատարանը որոշել էր տուգանել նաև «Դինաստիա» հիմնադրամին՝ կրկին 300 հազար ռուսական ռուբլու չափով: «Դինասիա» հիմնադրամի տնօրենը հայտնի գիտնական, ավելի քան 100 գիտական աշխատությունների և ուսումնասիրությունների հեղինակ ռադիոտեխնիկ Դմիտրի Զիմինն է: Այս հիմնադրամի ներկայացուցիչները դատարանում պնդել էին, որ իրականացնում են հիմնարար գիտության ոլորտին վերաբերող և ոչ թե քաղաքական գործունեություն: Սակայն դատարանն անհիմն էր համարել պնդումները:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Լիբերալ առաքելություն» և «Դինաստիա» հիմնադրամներին «օտարերկրյա գործակալների» ցանկում էր ներառել մայիսի վերջին:

«Լիբերալ առաքելության» ղեկավար Եվգենի Յասինը դատարանում վիճարկել էր արդարադատության նախարարության որոշումը և պնդել, որ հիմնադրամը գումարներ է ստացել միայն տեղական կազմակերպություններից: Սակայն` ապարդյուն:

Հունիսի սկզբին Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհուրդը պահանջել էր վերանայել «Լիբերալ առաքելություն» և «Դինաստիա» հիմնադրամները «օտարերկրյա գործակալների» ցանկում ներառելու որոշումը: Խորհուրդը հայտարարել էր, որ նշված կազմակերպությունների գործունեությունը համարում է անթերի, հիշեցրել էր միջազգային ասպարեզում կազմակերպության հայտնի լինելու հանգամանքը, պատրաստ է դատական կարգով վիճարկել «օտարերկրյա գործակալների» ցանկում ներառելու որոշումը: Միևնույն ժամանակ, խորհուրդը նշել էր՝ կա՛մ պետք է իշխանությունն ուժը կորցրած համարի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, կա՛մ պետք է այն վերանայել:

Մեկ այլ դատարան՝ Նիժնի Նովգորոդում, նույնպես երեկ որոշել է 300 հազար ռուբլու չափով տուգանել «Դրոնտ» բնապահպանական կենտրոնին՝ «օտարերկրյա գործակալների» ցանկում ինքնակամ չգրանցվելու համար: Կենտրոնի ղեկավար Ասխադ Կայումովը խոստացել է վիճարկել դատարանի որոշումը: Նա, մասնավորապես, նշել է, որ արդարադատության նախարարությունը որևէ հիմք չուներ կազմակերպությունը դասելու «օտարերկրյա գործակալների» շարքում, քանի որ ավելի քան մեկ տարի է՝ կենտրոնը օտարերկրյա ֆինանսավորում չի ստացել:

Օտարերկրյա գործակալների մասին Ռուսաստանի օրենքը քննադատության են ենթարկել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG