Մատչելիության հղումներ

Մոսկվան կրճատում է ֆուտբոլի աշխարհի առաջնության բյուջեն


Ռուսաստան - Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության համար Դոնի Ռոստովում կառուցվող մարզադաշտը, հունիս, 2015թ.
Ռուսաստան - Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության համար Դոնի Ռոստովում կառուցվող մարզադաշտը, հունիս, 2015թ.

Կրճատումը կազմում է ավելի քան կես միլիարդ դոլար։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ ստորագրել է հրամանագիր, որով ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության նախապատրաստման համար հատկացված 660 միլիարդ 627 միլիոն ռուբլու բյուջեն կրճատվելու է և կազմելու է 631 միլիարդ 460 միլիոն․ կրճատումը կազմում է մոտ 30 միլիարդ ռուբլի, ինչը հավասար է մոտ 544 միլիոն դոլարի։

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն դեռ ապրիլին է ասել, որ կառավարությունը կրճատելու է առաջնության համար կառուցվող շքեղ հյուրանոցների թիվը, քանի որ առաջնությունից հետո դրանք կարող են դատարկ մնալ։

631.5 միլիարդ ռուբլի (11 միլիարդ 800 միլիոն դոլար) կազմող նոր բյուջեի կեսից ավելին պետք է ապահովի դաշնային իշխանությունը։ Մուտկոն ասել է, որ կրճատումը պայմանավորված է ծրագրի օպտիմալացմամբ։

«Մենք աշխատում ենք բյուջեի հստակեցման վրա, դա նախապատրաստման ծրագրի օպտիմալացում է, առաջին հերթին մենք հրաժարվում ենք ավելորդ հյուրանոցներից», - ասել է Մուտկոն ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը, նշելով, որ ընդունվել է կառուցվող մարզադաշտերի ֆինանսավորումը որևէ պարագայում չկրճատելու սկզբունքային որոշում։ Նա ասել է, որ ընդհանուր ծրագրի մեջ դեռ կարող են մտցվել աննշան փոփոխություններ։

«2018 թվականի առաջնության ամբողջ նախաձեռնության շրջանակներում մենք ունենք 263 միջոցառում և ներդրումային ծրագիր», - ասել է Մուտկոն։

Աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա 2018 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում և Եկատերինբուրգում։

Արևմտյան մեկնաբանների համոզմամբ, բյուջեի կրճատումը բխում է Ռուսաստանի ֆինանսատնտեսական բարդ վիճակից․ միջազգային շուկաներում նավթի գնի անկում է, ռուսական տարադրամի` ռուբլու էական արժեզրկում է, միջազգային պատժամիջոցները և մեկուսացումը չէին կարող չազդել ընդհանուր կացության վրա։

Այդ բացասական գործոնները Կրեմլին ստիպում են խնայել նավթի ամենաթանկ տարիներին կուտակած և այսօր հետզհետե նվազող միջոցները։

Բացի այդ, կա ևս մեկ` ռուսների համար շատ տհաճ հանգամանք. ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ամերիկացի և շվեյցարացի իրավապահների հարուցած գործերի քննության ընթացքում կարող են բացահայտվել կոռուպցիոն գործարքներ, որոնցով միջոցով Ռուսաստանը և Քաթարը կորզել են 2018-ին և 2022-ին առաջնություններն անցկացնելու հնարավորությունը։ Այդ դեպքում երկու երկրներն էլ կզրկվեն առաջնություններից։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG