Մատչելիության հղումներ

Ավելացել է ԼՂ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը


Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Լեռնային Ղարաբաղ այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20 տոկոսով:

Հարկ է նշել, որ անցած տարի ցուցանիշը նվազել էր, ինչը, ԼՂ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված էր նաև Ադրբեջանի հետ օգոստոսյան «փոքր պատերազմով»:

«Պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ սփյուռքահայեր այլևս ունեն ՀՀ անձնագիր և հաշվառումից դուրս են մնում», - հավելեց Շահվերդյանը:

«Արցախ» հայրենակցական միության կոչով օրերս ավտոերթով Լեռնային Ղարաբաղ են ժամանել արցախցի ավելի քան 200 ընտանիքներ: Նրանց դիմավորել էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի գործադիր իշխանության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել էր․ - «Ակցիայի նպատակներից մեկն էլ դա է՝ զբոսաշրջության զարգացումը, և զբոսաշրջության զարգացման քաղաքականությունում մեծ տեղ ենք տալիս հենց արմատներով արցախցիներին, որոնք գալու են ու մնալու են, որոնք գալու են ու ինչ-որ բան են անելու Արցախում»:

«Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի խոսքով, նման ակցիաները կարող են նպաստել հայրենադարձմանը:

Նա փոխանցեց, որ ժամանողները հիմնականում Ռուսաստանից են, Ուկրաինայից ու Հայաստանից են:

«Մենք համարյա ամեն տարի գալիս ենք: Սա իմ ամուսնուս հայրենիքն է: Պլանավորում ենք մոտ 20 օր այստեղ մնալ, հանգստանալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի երիտասարդ կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG