Մատչելիության հղումներ

Գյումրիում Քըրքորյանի անվան փողոց կբացվի


Քաղաքապետի խոսքով, կվերանվանեն Ալեքսանդրովսկի փողոցը:

Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակին այսօր Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած հոգեհանգստի կարգի ավարտին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խոսքն ուղղեց հայաստանցի մեծահարուստներին՝ ասելով՝ Քըրքորյանից շատ բան ունեն սովորելու:

«Ինչպես ինքը՝ Քըրք Քըրքորյանն էր մի անգամ ասել՝ կան հարուստներ և կան փող ունեցող աղքատներ: Սա ավետարանական սկզբունք է: Ինքը եկեղեցուց հեռու մարդ էր, բայց ապրում էր քրիստոնեական սկզբունքներով: Շատ համեստ կենցաղով ապրող մարդ էր: Թեև ուներ սեփական ինքնաթիռ, բայց այդ սեփական ինքնաթիռը օգտագործում էր իր գործի համար, ոչ թե մարդկանց զարմացնելու համար, և իր անձնական կյանքում վերին աստիճանի համեստ ժուժկալ անձնավորություն էր», - ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Միլիարդատեր Քըրք Քըրքորյանի նվիրատվությամբ «Լինսի» հիմնադրամը Գյումրիում շուրջ 2 հազար 500 բնակարան ու ճանապարհներ կառուցեց, հիմնանորոգվեց Դրամատիկական թատրոնը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, գյումրեցիներն այսօր նրան հիշում են գրեթե ամեն քայլափոխի և չէին կարող չգալ հարգանքի տուրք մատուցելու:

«Նա արժանի էր ամենամեծ գնահատականին, և մեր արածը զուտ հիշատակի տուրք է մեծ մարդու նկատմամբ», - ընդգծեց Ցոլակյանը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց՝ առաջիկայում Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ ամերիկահայ բարերարի:

«Մենք ուզում ենք, որպեսզի Ալեքսանդրովսկի փողոցը վերանվանենք Քըրք Քըրքորյանի անունով: Հիմա կվերականգնենք և այդ հատվածը մինչև Ձորի թաղամաս երևի և կանվանենք Քըրք Քըրքորյանի անունով, որովհետև մենք մեր շնորհակալության խոսքը պետք է ասենք», - ասաց Գյումրիի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG