Գյումրիում մեկնարկել են Ճարտարապետական ու Գյուրջիևի ուսումնասիրման կենտրոնի կառուցման աշխատանքները։ Նախաձեռնությունը «Գյումրու ընկերներ» հիմնադրամինն է:
Շուրջ 250 հազար եվրոյի ներդրում կարվի կենտրոնի կառուցման համար: «Գյումրու ընկերների» համահիմնադիրներն են Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնի Մոնտալտոն և ֆրանսիահայ գործարար Մանուել Փամոկջյանը: Կենտրոնի առաջին հարկում, ինչպես ասաց Մոնտալտոն, նախատեսում են տեղակայել ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի ուսումնասիրության կենտրոնը:
«Դուք գիտեք, որ Գյուրջիևը մեր քաղաքացին է, և ամբողջ աշխարհը փնտրում է նրա տունը։ Մենք կգտնենք: Գյուրջիևը մի անձնավորություն է, ով շատ մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում: Ինչ գրել է՝ հայերեն է գրել: Ինչու եմ սա կարևորում. սա կարող է քաղաքի զարգացման տարրերից մեկը դառնալ։ Այն հնարավորությունը, որը կտա մեզ կենտրոնը՝ ունենալ գրադարան, ունենալ վայր, որտեղ կարող են կազմակերպվել հանդիպումներ ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային մակարդակով, դրանք քայլեր են, որ կարող են մարդկանց բերել Գյումրի»,- ասաց Իտալիայի պատվո հյուպատոսը։
Նույն շենքում կտեղակայվի նաև Ճարտարապետական կենտրոնը: Այստեղ նախատեսում են մեկ առ մեկ քաղաքի պատմական շինությունները հաշվառել, մշակել վերականգնման նախագծեր։ Մոնտալտոն ասաց՝ փորձելու են ներդրողներ գտնել.- «Դուք հասկանում եք՝ ինչպիսի մեծ առաջադրանքներ է իր առջև դրել հիմնադրամը, ֆինանսական առումով՝ մեծ գումարների մասին է խոսքը»:
Գյումրիում հարյուրավոր պատմամշակութային շինություններ կան, որոնք վերականգնման խիստ կարիք ունեն, ինչի համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ։ Ֆրանսահայ գործարար Մանուել Փամոկջյանն ասաց՝ կենտրոնի բացումից հետո առաջարկով կդիմի ՅՈւՆԵՍԿՕ-ին։
«Երբ կենտրոնը պատրաստ լինի, պետք է հայտ ներկայացնեմ ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ Գյումրիի պատմական կենտրոնը ներառվի որպես պատմամշակութային ժառանգություն, ինչպես դա արվել է Հաղպատի պարագայում: Իհարկե, դա ավելի երկարաժամկետ ծրագիր է, սակայն կարծում եմ՝ կարևոր է, որ Գյումրիում չկատարվեն նույն սխալները, որոնք արվել են Երևանում, որտեղ ողջ պատմամշակութային ժառանգությունը ուղղակի ոչնչացվել է: Կարծում եմ՝ Գյումրիում եղած այդ ժառանգությունը այնքան մեծ ու կարևոր է, որ արժի դրա համար փորձել այս նախագիծը մինչև վերջ իրականացնել»,- ասաց գործարարը։
Ի դեպ, Անտոնիո Մոնտալտոն Գյումրիում մի պատմամշակութային շենք վերականգնել է: Դրա համար նա նույնիսկ Իտալիայում իր սեփական տունն է վաճառել ու այդ գումարը ներդրել շենքի կառուցմանը, որտեղ կերամիկայի փոքրիկ արտադրամաս են բացել: Այժմ ութ մարդ է աշխատում այդ արտադրամասում, մինչև տարեվերջ աշխատակիցների թիվը կարող է հասնել մինչև քսանի։ Մանուել Փամոկջյանն ասաց՝ պատրաստվում են գյումրեցի խեցեգործների արտադրանքը իրացնել նախ Ֆրանսիայում: