Բաքվում շարունակվում են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը: Այս օրերին ասպարեզ են դուրս եկել հայ բռնցքամարտիկները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն անդրադարձել է բռնցքամարտի մրցաշարի մրցավարական սխալներին և քննադատել Բաքվում գտնվող Հայաստանի պատվիրակությանը:
«Բաքուն, ինչպես միշտ, չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք փուլերում, պարտություն է կրում, այն էլ՝ 3:0 հաշվով։ Նարեկ Աբգարյանը նույնպես ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները երկու փուլերում միավորները տվել են հունգարացուն»,- ասել է Գևորգյանը։
Իր ֆեյսբուքյան էջում ֆեդերացիայի նախագահը գրում է, որ երրորդ փուլը Աբգարյանն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլևս անելու բան չի մնացել, և նրանք հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին։
«Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։ Այս ճնշող մթնոլորտում թերևս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։ Հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ»,- եզրափակել է Արթուր Գևորգյանը:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթանակով էր մեկնարկել Եվրոպական խաղերը՝ 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնելով հունգարացի Նանդոր Ցոկային: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել և պայքարը լքել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: 64 կգ քաշային կատեգորիայում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա այսօր և կմենամարտի ուկրաինացի Վիկտոր Պետրովի հետ: Բաչկովը Հայաստանի չեմպիոն է և միջազգային մրցաշարերի հաղթող:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախից, ինչպես նաև Ադրբեջանից երաշխքիներ էր ստացել: Երաշխիքները, մասնավորապես, վերաբերում էին մրցավարական արդար դատին: Բաքուն խոստացել էր, որ մրցավարական կողմնապահություն չի լինի, սակայն մինչ այժմ թե՛ հունահռոմեական ոճի ըմբիշները, թե՛ ազատ ոճային ըմբիշները, թե՛ բռնցաքամարտիկները շարունակաբար բախվում են այս խնդրին՝ հայտնվելով բարդ վիճակահանության ցանցերում և առաջին իսկ մարտերում զրկվում ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից:
Նրանք, ովքեր հասնում են բրոնզե մեդալի համար պայքարին, կրկին ակնհայտ կողմնապահության են ենթարկվում միավորներ վաստակելու հարցում, հաճախ նաև մրցակիցներին չեն տրվում նկատողություններ ոչ արդար մարտ վարելու պարագայում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել են արդեն Հայաստան ժամանած հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը և Բաքվի խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը: