Մատչելիության հղումներ

Ջավախահայերը ինքնակառավարում են ուզում, հերքում են անջատողականության մասին պնդումները


Ախալքալակ, արխիվ
Ախալքալակ, արխիվ

Կովկասի հարցերով փորձագետ Գելա Վասաձեի խոսքով՝ Վրաստանում կարծիք կա, որ ջավախահայերն անջատողականներ են և ամեն կերպ փորձում են միանալ Հայաստանին։

«Պետք է փոխել այս տարածված տեսակետը»,- Ախալքալակում օրերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ ասաց փորձագետը։

«Եթե Վրաստանի միջին վիճակագրական քաղաքացուն հարցնեք, թե ինչ ռիսկեր և խնդիրներ կան Ջավախեթիի հետ կապված, առաջինը, որ անպայման կասեն, այն է, թե կա անջատողականության վտանգ։ Իմ կարծիքով, սակայն, այստեղ այս պահին անջատողականություն չկա, և չկա երկու պատճառով. Հայաստանին միացումը ոչնչով չի բարելավի տեղի սոցիալ-տնտեսական վիճակը, և երկրորդն այն է, որ Երևանն ունի կոշտ դիրքորոշում այն առումով, որ այս շրջանը համարվում է Վրաստանի մասը։ Այսպիսի մի բնութագիր եմ լսել՝ սա փոքր Հայաստան է Վրաստանի կազմում»,- ասում է Վասաձեն։

Քննարկմանը ներկա ջավախահայերը, սակայն, համաձայն չէին այն մտքի հետ, թե պատրաստ են միանալ Հայաստանին, եթե նույնիսկ այնտեղ պայմանները բարելավվեն։ Իսկ փորձագետի այն պնդմանը, թե այս շրջանը պետք է կամուրջ հանդիսանա Վրաստանի և Հայաստանի միջև, հակադարձեցին՝ մենք կամուրջ լինել չենք ցանկանում, կամուրջների վրայով քայլում են։ Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ղեկավարները նշում էին, որ իրենք ցանկանում են ոչ թե անջատվել Վրաստանից, այլ պարզապես ինքնակառավարում ունենալ։

«Ինտեգրացիայի մասին վրացիները խոսում են, բայց ինտեգրել չեն ցանկանում։ Նշում եք օրինակ անջատողականությյան հանգամանքը: Սա անջատողականություն չէ, մենք խոսում ենք ինքնակառավարման մասին»,- ասում է «Ջավախքի ժողովրդական շարժում» ՀԿ-ի ղեկավար Նորիկ Կարապետյանը.- «Օրինակ, Հայաստանի վարչապետը գալիս է Վրաստան, կամ հակառակը, միմյանց հետ քննարկում են իրենց բիզնեսները և խինկալի են ուտում, ուրիշ ոչինչ, Ախալքալակի, Ջավախքի կամ Քվեմո-Քարթլիի մասին ոչինչ չեն քննարկել կամ որևէ հարց չեն լուծել»։

Ջավախահայերը նշում էին, որ տարիներ շարունակ հնչեցնում են իրենց պահանջները հայոց լեզվին ռեգիոնալ լեզվի կարգավիճակ տալու, դպրոցները հայկական գրքերով համալրելու և տեղում համալսարան հիմնելու մասին։ Գլխավոր խնդիրը, սակայն, գործազրկությունն է։ Տեղում աշխատանք չունենալով պատճառով է, որ նախորդ տարվա դեկտեմբերին լուրջ խնդրի առաջ կանգնեցին Ռուսաստան աշխատանքի մեկնող հազարավոր ջավախահայեր։ Ռուսական կամ հայկական անձնագրեր ձեռք բերած ջավախահայերի մեծ մասը զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, իսկ օտարերկրյա անձնագրերով հայրենիքում 90 օրից ավելի մնալ չէին կարող: Օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն՝ 90 օրը երկարաձգվել է մինչև մեկ տարի, կորցրած քաղաքացիությունը, սակայն, շատերը չեն կարողանում վերականգնել։

«Անցած տարվա համեմատ 28 տոկոսով պակասել է իմ հարազատ Ջավախեթիի բնակիչների թիվը։ Ինձ թվում է՝ շեշտը պետք է դնել աշխատատեղեր ստեղծելու վրա։ Մարդիկ ասում են՝ որտեղ հաց, այնտեղ կաց։ 30 հազարն արդեն գնացել է, իսկ նրանցից քանի՞սը կվերադառնա։

Մեզ կերակրում էին խոստումներով, թե կսկսվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը և աշխատատեղ կլինի։ Ո՞ւր են այդ աշխատատեղերը։ Տեղացիներից ոչ ոք այնտեղ չի աշխատում։ Մոնիթորինգ արեք և ինքներդ համոզվեք, տեղացիներն զբաղվածության լուրջ խնդիր ունեն»,- ասում է Ջավախքի քաղաքացիական ֆորումի համահիմնադիր և Ջավախքի հույների միավորման հիմնադիր Միխաել Կոլիկիձեն։

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանում մարդահամարի նոր տվյալները ազդարարելու են այն մասին, որ Ջավախքն ու հարակից գյուղերը օր օրի դատարկվում են։

«2002-ին Վրաստանում ապրում էր 250 հազարից ավելի հայ։ Նախնական տվյալներով՝ Վրաստանի բնակիչների թիվը 4.5 միլիոնից հասել է 3.7-ի: Այս նվազումը հաստատ անդրադառնում է նաև հայաբնակ շրջանների վրա։ Առաջիկայում հրապարակվելիք թվերն, իմ կարծիքով, աղետալի են լինելու»,- ասում է Մելիքյանը։

Փորձագետ նաև հիշեցնում է՝ իշխանության եկած «Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլին խոստացել էր տեղում աշխուժացնել օտարերկրյա ներդրումները և այս նպատակով բիզնես ֆորումներ անցկացնել։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ, իսկ հայաբնակ այս շրջանը դեռ չի հետաքրքրում ներդրողներին։ Այս պահին Ախալքալակում միայն մեկ՝ գարեջրի գործարան է աշխատում։

XS
SM
MD
LG