Մատչելիության հղումներ

Ամերիկահայերի դերը ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում


Նախագահի թեկնածու Ջեբ Բուշ
Նախագահի թեկնածու Ջեբ Բուշ

Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր ու հետաքրքիր են ԱՄՆ-ի հայ համայնքի համար, «Ամերիկայի Ձայն»-ին ասել են ամերիկյան երկու խոշորագույն հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեններ Բրայան Արդունին և Արամ Համբարյանը:

Համբարյանի խոսքով, անհրաժեշտ է տարանջատել նախընտրական քարոզը և իրական գործերը։ «Պետք է լինել ուշադիր, չլինել միամիտ և հավատալ թեկնածուների յուրաքանչյուր խոստմանը, սակայն միևնույն ժամանակ պետք է չդառնանք չափից դուրս անհավատ և թեկնածուների ասածներն արհամարհենք»,- ասում է նա։

Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրենի խոսքով էլ, ընտրությունները թույլ են տալիս հայ համայնքի կողմից թեկնածուներին հասցնել համայնքին անհանգստացնող խնդիրները.- «Մեր հիմնական նպատակը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումն է, և որպեսզի Միացյալ Նահանգներն օգնի, որ Հայաստանը դառնա ժողովրդավար և տնտեսապես զարգացած երկիր, որտեղ գերակայում է օրենքը»:

Զրուցակիցները համաձայնեցին, որ թեև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարևոր դեր է խաղում հայ համայնքի աջակցությունը ստանալու համար, սակայն Հայաստանի հետ կապերի տեսակետից ամերիկահայ ընտրողներն իրենց ուշադրությունը նաև այլ հարցերին են դարձնում։

«Հայոց ցեղասպանության հարցն անշուշտ Միացյալ Նահանգների հայ համայնքի սրտերում ու մտքերում է, սակայն համայնքը նաև հաշվի է առնում թեկնածուների՝ Հայաստանի ու Արցախի հետ կապված նաև այլ մոտեցումները»,- ասում է Արդունին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն ավելացնում է, որ վերջին ամիսների իրադարձությունների լույսի ներքո՝ Միացյալ Նահանգների հայ համայնքը նաև բարձրացնում է Մերձավոր Արևելքում բնակվող հայերին օգնություն տրամադրելու պահանջը: Երկու զրուցակիցն էլ հույս հայտնեցին, որ հայ համայնքը լայնորեն կմասնակցի առաջիկա նախագահական թեկնածուների առաջադրմանն ու քարոզարշավին:

«Քանի որ ընտրությունները փոփոխությունների հասնելու լավագույն միջոցն է, մենք փորձելու ենք ընտրությունների մեջ ակտիվորեն ներգրավել Միացյալ Նահանգների ողջ հայ համայնքը», - նշեց Արամ Համբարյանը:

«Ֆլորիդայի հայեր» նորությունների կայքի գլխավոր խմբագիր Թանիել Քուշաքչյանն, անդրադառնալով հանրապետական թեկնածուներ Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին և նախկին նահանգապետ Ջեբ Բուշին, հիշեցրեց, որ երկուսն էլ հայ ժողովրդի բարեկամներն են: Այսպես, մինչ նահանգապետ դառնալը, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ջեբ Բուշն իր կրտսեր որդու հետ Հայաստան էր ժամանել՝ իր հետ մեծաքանակ օգնություն բերելով:

«Որպես Ֆլորիդայի նահանգապետ՝ Ջեբ Բուշը հռչակագիր էր ընդունել, որով ապրիլի 24-ը հայտարարվել էր Հայ նահատակների հիշատակի օր»,- նշում է Քուշաքչյանը:

Ինչ վերաբերում է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին, ապա նա 2014-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծին:

Նշենք, որ հայ պատվիրակներ Կալիֆորնիայից, Մասաչուսեթսից, Ֆլորիդայից և այլ նահանգներից ավանդաբար ներկա են լինում ինչպես Դեմոկրատական, այդպես էլ՝ Հանրապետական կուսակցությունների նախագահական թեկնածուի առաջադրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG