Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր արտահերթ խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի բոլոր 10 մարզպետերի հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը, հայտնում է ՏԿԱԻՆ տեղեկատվության վարչությունը։
«Նախարարի հանձնարարությամբ մարզերում գործող մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունները մի շարք համայնքներում ի հայտ բերեցին սանիտարական խնդիրներ: Նախարար Երիցյանը մարզպետերին հանձնարարեց շուտափույթ միջոցներ ձեռնարկել նշված մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը։
Երիցյանն անդրադարձել է նաև համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերի խնդրին. մարզպետերը հավաստիացրել են, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն՝ համայնքների կողմից ձևավորված պարտքերը շուտափույթ մարելու համար: