Մատչելիության հղումներ

Գլխավոր գանձապետը չփարատեց ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունը


«Դեֆոլտի ռիսկ չկա»․ ԱԺ-ն քննարկում է պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունները
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00

«Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխությունները մտահոգության առիթ են դարձել հատկապես ընդդիմադիր պատգամավորների համար։

Դեֆոլտի ռիսկ չկա. այսօր խորհրդարանական ամբիոնից գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էր փորձում փարատել պատգամավորների մտահոգությունները՝ կապված պետական պարտքի մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների հետ։

«Թեկուզ փոքր նշույլ ռիսկ ունենայինք, մեզ ոչ մի պարագայում չէր հաջողվի եվրապարտատոմսեր տեղաբաշխել»,- ասաց գլխավոր գանձապետը։

Գործող օրենքը թույլ չի տալիս, որ կառավարության և Կենտրոնական բանկի վերցրած պարտքերը միասին, այսինքն՝ Հայաստանի պետական պարտքը գերազանցի երկրի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը։ Օրենքը սահմանափակում է նաև պակասորդը, եթե պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը։

Արտահերթ նիստով խորհրդարան բերված օրինագծով կառավարությունն առաջարկում է ողջ պետական պարտքի վրա օրենքով դրված սահմանափակումները տարածել դրա մեկ բաղադրիչի՝ միայն կառավարության վերցրած պարտքի վրա՝ հաշվարկներից դուրս թողնելով Կենտրոնական բանկի վերցրած վարկերը։

Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին փորձում էր համոզել՝ փոփոխությունը նոր պարտքեր վերցնելու համար չէ, որ կատարում են, այլ համապատասխանեցնում են երկրի օրենսդրությունը եվրոպականի և եվրասիականի հետ՝ Հայաստանի վերաբերյալ վիճակագրությունը բարելավելու և ներդրողների համար ավելի հասկանալի պատկեր ներկայացնելու համար։

Ընդդիմադիր պատգամավորներն անգամ վիրավորական համարեցին գլխավոր գանձապետի այս բացատրությունները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասաց.- «Այսինքն որպեսզի վիճակագրության մեջ ճշգրտումներ անենք, մենք արտահերթ խորհրդարանի քննարկմանն ենք դրել։ Երևի դուք էլ չեք հավատում, թե ինչ եք ասում»։

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ վրդովվեց, կառավարությունից օրենսդիրների նկատմամբ հարգանք պահանջեց.- «Եթե էստեղ էլ եք ֆռռացնելու, որ տերմինների հստակեցման, վիճակագրության խնդիր է... անկեղծ եղեք այս դահլիճում, ասեք, որ կա ֆինանսական ծանր պրոբլեմ, եթե չվերցնենք, շատ ավելի ծանր է լինելու... պարզ չէ՞, չգիտե՞նք, որ պարտքը ավելացնելու համար եք բերել»։

Այժմ Հայաստանի պետական պարտքը կազմում է 4.6 միլիարդ դոլար։ Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ դա Հայաստանի ՀՆԱ-ի 44 տոկոսն է կազմում։ Դեռ կարող ենք 1.5 միլիարդ դոլարի պարտք ներգրավել՝ առանց սահմաններն անցնելու, ասում է գլխավոր գանձապետը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թվարկեց կառավարության վերցրած վարկերը, որ դեռ չեն ընդգրկվել պետական պարտքի մեջ՝ նկատելով՝ Հայաստանն այս օրինագծով սնանկացման ճանապարհին կհայտնվի։

«Աշխարհը էսպես է մտածում՝ կառավարությունները կարող են լինել փնթի, գող, կոռումպացված։ Որպեսզի շատ համը չհանեն, սահմանափակումներ կան։ Իրենք այս սահմանափակումը հանում են, որ էլի լինեն գող, էլի լինեն կոռումպացված, էլի լինեն Հայաստանը սնանկացնող»,- ասաց Մանուկյանը։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կառավարության կողմից արտահերթ նիստում բերված օրինագծերը մատնում են տնտեսության վատ վիճակը։

«Թե՛ այս օրինագիծը, թե՛ ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությունները, թե՛ այլ օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ «Հայփոստի» վաճառքի գաղափարը, վկայում են, որ վիճակը իսկապես ծանր է։ Եվ կառավարությունը գիտակցում է, որ ծանր է։ Իմ առաջարկը հետևյալն է, որ ոչ թե գնալ քողարկված կամ փակ աչքերով քաղաքականությանը, այլ հակառակը՝ բոլորի աչքի առաջ բացել՝ ինչ է տեղի ունենում, որպեսզի կարողանաս նաև հանրությանը ներգրավես քո քաղաքականության մեջ»,- ասաց Մինասյանը։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն էլ կարծում է՝ արտահերթ նիստով իշխանությունը կարճաժամկետ լուծումներ է առաջարկում։

«Հայաստանը մտնում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, և դրանից դուրս գալու այս քայլերը գործող իշխանություններին տանում են այն ուղղությամբ, որ պետք են բարեփոխումներ և ընդհանուր առմամբ քաղաքական կարգի փոփոխություն։ Ոչ թե այս ուղղությամբ են գնում, այլ իշխանությունը երկարաձգելու ուղղությամբ, փորձում են Հայաստանի Հանրապետության ունեցածի միջոցով երկարաձգել իրենց իշխանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG