Օրենսդիրների դժգոհությունը հարուցած «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների օրինագիծը այսօր խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց։
Երեկվանից Ազգային ժողովում բուռն քննարկումներ առաջացրած այս փաստաթղթով Կառավարությունը առաջարկում է բարձրացնել ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ սահմանել տրանսպորտային միջոցներում օգտագործվող բնական գազի համար։
Ընդդիմադիր պատգամավորները այսօր էլ պնդեցին՝ օրինագծի ընդունումը անթույլատրելի է, քանի որ կհանգեցնի նշված բոլոր ապրանքների թանկացմանը։ Տնտեսագետ Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) հայտարարեց, որ սա ոչ միայն ապրանքների, այլև ծառայությունների թանկացման կհանգեցնի։ Տիգրան Ուրիխանյանն էլ ակցիզային հարկի բարձրացումը կործանարար որակեց։
«Հիմա այս լարված ժամանակահատվածում սպառողական շուկայում նոր ցնցումներ առաջացնելը տեղին չէ՝ հատկապես հասարակական տրանսպորտի, տաքսիստների և ընդհանրապես ամբողջ բնակչության համար»,- ասաց Մելքումյանը։
«Ես հորդորում եմ դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ այն հետ տանելու՝ մեր ողջամիտ առաջարկները չանցան»,- ասաց Ուրիխանյանը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց.- «Ոչինչ կործանարար չի կարող լինել, որովհետև մենք ժամանակ ունենք քննարկելու»։
Երեկ այս օրինագծի քննարկումը առանձնահատուկ էր. հանրապետական պատգամավորները, չզիջելով ընդդիմադիրներին, քննադատում էին Կառավարության նախաձեռնությունը, աղքատության մակարդակի բարձրացման, էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքների ու մարդկանց համար նորմալ կյանք ապահովելու մասին էին խոսում։
Սակայն այսօր նրանք լուռ էին։ Ընդդիմադիրներին արձագանքում էր միայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. Կառավարության հետ պայմանավորվածությունը ուժի մեջ է, մինչ երկրորդ ընթերցումը օրինագիծը կհիմնավորվի, ասաց նա։
«Ես ինքս էլ եմ տեսնում, քաղաքական մեծամասնությունն էլ է տեսնում, որ հիմնավորումների լրացուցիչ պահանջ կա։ Դրա համար էլ ասում եմ՝ առաջին ընթերցումը կանցնի, երկրորդ ընթերցումը՝ աշնանը»,- ասաց Սահակյանը։
Չնայած ընդդիմության ջանքերին, հանրապետականները այսօր լռությունը չխախտեցին։ Ընդդիմադիրները եզրակացրեցին՝ հանրապետականները շարունակում են դեմ լինել, բայց ստիպված են պաշտպանել հանրապետական Կառավարությանը։ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը հայտարարեց՝ այս վարքագծով հանրապետականները քաղաքական գիծ են պահում։
Չօգնեց անգամ 20 րոպե ընդմիջումը։ Գալուստ Սահակյանը օրինագիծը դրեց քվեարկության։ Հանրապետականների ջանքերով օրինագիծն ընդունվեց, բայց արդյունքները ցույց տվեցին, որ նրանցից ոչ բոլորն են պաշտպանել Կառավարությանը։
Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, չնայած ներկա էր նիստին, բայց չքվեարկեց։ Նույն կերպ վարվեց նաև երեկ օրինագիծը խիստ քննադատած Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ևս օրինագծին դեմ քվեարկեց։ Մինչ քվեարկությունը նա «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ 9 միլիարդ դրամը չարժե, որպեսզի նման թանկացումների գնան։
«Գնահատված է, որ [հարկի բարձրացումը] 9 միլիարդի եկամուտ կապահովի պետական բյուջեում։ Եթե դա մենք գնահատենք սոցիալական ոլորտում, ապա մոտ 20 միլիարդ դրամ կպահանջվի, որ պետք է պետական բյուջեից հատկացնենք այդ արդյունքը չեզոքացնելու համար»,- ասաց Հակոբյանը։
Կառավարության պնդմամբ՝ ակցիզային հարկի բարձրացումը դրական ազդեցություն կունենա բյուջեի վրա, եկամուտները 9 միլիարդ դրամով կավելանան։ Երեկ այս տեսակետը խորհրդարանում պաշտպանում էր ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ում խոսքով՝ թանկացումները քիչ հավանական են և ոչ էական։
Օրինագծի վերջնական ընդունման դեպքում սպասվում է, որ մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10 տոկոսով էլ բարձրանալու է ծխախոտից և խմիչքից գանձվող հարկը, ինչը, ըստ պատգամավորների, նույն չափով կազդի նաև այդ ապրանքների գների վրա։