Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնաժողովը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը


Բելգիա - Եվրամիության դրոշը Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց
Բելգիա - Եվրամիության դրոշը Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց

Փաստաթուղթը դեռևս պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների կողմից:

Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2016 թվականի հունվար երկարաձգելու առաջարկին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Մեկ տարով երկարաձգվել է նաև Ղրիմում ներդրումներ անելու արգելքի մասին որոշումը։

Փաստաթուղթը դեռևս պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների կողմից, սակայն նշվում է, որ դա ընդամենը ձևական բնույթ է կրում, որոշումը կընդունվի առանց քննարկումների, և սպասվում է, որ Լյուքսեմբուրգում հունիսի 22-ին կայանալիք նիստի ընթացքում կհաստատվի մասնավորապես այն պատժամիջոցների երկարաձգումը, որոնք առաջին հերթին կհարվածեն ռուսական տնտեսության, ֆինանսական, էներգետիկ և ռազմարդյունաբերական ոլորտներին։

Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հիշեցնենք, առաջին անգամ սահմանվեցին 2014 թվականի հուլիսին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզին բռնակցելուն և Ուկրաինայի արևելքի անջատականներին զինելուն։ Այդ պատժամիջոցները հիմնականում վերաբերում էին բանկային ոլորտին, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումներին։

Արևմտյան կազմակերպություններին արգելվեց նաև տեխնիկայի և ապրանքների արտահանումը, որոնք Ռուսաստանի կողմից կարող են օգտագործվել նավթ արդյունահանելու և մշակելու համար։

Ներկայումս Եվրամիության պատժամիջոցների ցանկում ընդգրկված են 130 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց անուններ, որոնք, ըստ Եվրամիության, անմիջական մասնակցություն ունեն Ուկրաինայի ինքնիշխանության խախտման մեջ։

Հունիսի սկզբին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե Ռուսաստանը ուշիուշով հետևելու է Եվրամիության հունիսին կայանալիք գագաթնաժողովին, և եթե Եվրամիությունը նոր պատժամիջոցներ ընդունի, ապա Ռուսաստանից կստանա համարժեք պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG