Մերձավոր Արևելքում այսօր հսկայական սոցիալ-քաղաքական իրարանցում է, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը:
Կոնգրեսում լսումների ընթացքում ներկայացնելով ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Քարթերն ընդգծել է, որ այն կենտրոնացած է լինելու երկու հիմնական նպատակների շուրջ՝ դադարեցնել Իրանի ռազմական միջուկային ծրագիրը և ոչնչացնել «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումները:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մահացու վտանգ է ներկայացնում մեր երկրի և մեր դաշնակիցների համար, պետք է վերջնականապես ոչնչացվի, և այն կոչնչացվի», - վստահեցրել է Պենտագոնի ղեկավարը:
Էշթոն Քարթերի խոսքով, արդյունավետ ռազմավարությունը պետք է ներառի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մարդասիրական և ռազմական միջոցներ:
Անդրադառնալով Իրանին՝ պաշտպանության նախարարը նշել է, թե այն նույնպես լուրջ վտանգ է Միացյալ Նահանգների շահերին. - «Իրանի վնասակար ազդեցությունը տարածաշրջանում Մերձավոր Արևելքում մեր շահերի դեմ ուղղված մեկ այլ լուրջ խոչընդոտ է»:
Պաշտպանական գերատեսչության գնահատականին, սակայն, չի համաձայնել լսումները վարող կոնգրեսականներից մեկը: Կոնգրեսական Ադամ Սմիթի կարծիքով՝ Իրանն ու «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին չի կարելի նույն հարթության վրա դնել և համաչափ վտանգներ համարել: «Ինչ էլ որ ասվի Իրանի հասցեին, լրջագույն տարբերությունն այն է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները յուրաքանչյուր առավոտ արթնանում են որքան հնարավոր է շատ ամերիկացիներ սպանելու մտադրությամբ», - ընդգծել է Սմիթը:
ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբերի պետ գեներալ Մարտին Դեմփսին, անդրադառնալով Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականությանը, հայտարարել է, որ շեշտը պետք է դնել Արևմուտքի նկատմամբ դրականորեն տրամադրված տարածաշրջանի ներքին ուժերի վրա: «Տևական կայունությունը չի կարող պարտադրվել դրսից, կայունությունը պետք է զարգացվի ներսում՝ հենց տարածաշրջանում գտնվող ուժերի վրա հիմնվելով», - ասել է Դեմփսին:
Գեներալը հիշեցրել է, որ իսլամական հավատքի հենց ներսում ծայրահեղականների շարժմանն ի պատասխան զարգանում է մեղմ իսլամի կողմնակիցների շարժումը: