Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հունիսի 15-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է ԼՂ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, այսօր հայտնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։
Հաղորդագրության համաձայն՝ նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:
Ղարաբաղի նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` «Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար»։
Այսօր Բակո Սահակյանն այցելել է Ղարաբաղի պաշտպանության նախարարություն և բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Մնացականյանին:
Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացված ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին Պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:
Լեռնային Ղարաբաղի նախագահը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում:
Խոսելով նորանշանակ նախարարի մասին` Սահակյանը նշել է, որ Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն և հարգանք վայելող, խորը գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսևորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:
Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Լևոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաև որպես Ղարաբաղի պաշտպանության նախարար ու Պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացմանը և նրա մարտունակության շարունակական բարձրացմանը: