Մատչելիության հղումներ

«Էլեկտրոնային ժամանց» ցուցահանդես Լոս Անջելեսում


Ցուցահանդեսում շուրջ 300 ընկերություններ կներկայացնեն իրենց վերջին սարքավորումներն ու համակարգչային ծրագրերը։

Ամերիկացի սպառողներն ու էլեկտրոնային խաղերի մանրածախ առևտրով զբաղվողները անհամբեր սպասում են «Էլեկտրոնային ժամանց» ցուցահանդեսի բացմանը, որտեղ նրանք կկարողանան փորձարկել վիրտուալ իրականություն ստեղծող նորագույն գլխակալները:

Քանի որ երկու տարի առաջ ցուցահանդեսում արդեն իսկ ներկայացվել էին նորագույն խաղային հարթակներ, այս տարվա ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում կլինեն նորաստեղծ գլխակալները, որոնք խաղացողներին տարբեր վիրտուալ աշխարհներ կտեղափոխեն: Խաղացողները ակնկալում են փորձարկել Oculus Rift գլխակալները, որոնք վաճառքի են հանվելու 2016-ի սկզբին: Sony PlayStation-ը կներկայացնի մրցակից գլխակալների նոր տարբերակը, որը կոչվում է Project Morpheus, իսկ մյուս արտադրողները՝ իրենց սեփական սարքերը:

Փորձագետներն ասում են, որ հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյոք այս ականջակալների միջոցով հնարավոր կլինի՞ հաղթահարել վիրտուալ իրականություն վերարտադրելու ժամանակ մարդկանց մոտ առաջացող խնդիրները: «Նախկին խնդիրներից մեկն այն է, որ մարդկանց մեծ մասի մոտ երկար ժամանակ խաղալու դեպքում գլխապտույտ և սրտխառնոց էր առաջանում: Եթե արտադրանքը դուրս գալուց հետո նման բան պատահի, մենք անելանելի վիճակում կհայտնվենք», - ասում է տեսախաղերի փորձագետ Ջոն Հիքսը:

Facebook-ը, որը անցյալ տարի 2 միլիարդ դոլարով գնել էր Oculus տեխնոլոգիաների ընկերությունը, նույնպես ակնկալում է, որ գլխակալները զարգացման հաջորդ փուլ անցնելու հիմք կհանդիսանան: Մինչդեռ խաղերի որակը անկասկած բարձրանում է:

Հայտնի Assassin’s Creed Syndicate խաղի նոր սարքավորումը տարբերվում է կատարելագործված գրաֆիկաներով, որոնք վերարտադրում են 19-րդ դարի Լոնդոնի կենդանի պատկերը: Crystal Dynamics-ի կողմից մշակված Tomb Raider խաղը նույնպես ցնցող տեսարաններ և տեսողական էֆեկտներ ունի: Կլինեն նաև նոր խաղեր՝ նախագծված շարժական սարքերի համար, ինչպիսին են սմարթֆոնները և պլանշետային համակարգիչները:

Այնպես որ, առաջիկա 12 ամիսների ընթացքում խաղերի սիրահարներին կառաջարկվի ընտրության լայն տեսականի, որի արժեքը գնահատված է 100 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG