Դատարանն այսօր մերժեց ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության: Սպանության համար մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը, ով արդեն 19 տարի ազատազրկման մեջ է, պահանջում էր դատարանից առ ոչինչ համարել գլխավոր դատախազության՝ իր գործը վերանայելու մերժման որոշումը և դատախազությանը հարկադրել նոր վարույթ հարուցել:
Դատապարտյալը պնդում է, որ ի հայտ եկած նոր հանգամանքները բավարար հիմք են իր գործը վերաբացելու համար, մինչդեռ դատախազությունը, ըստ հայցվորի, անտեսում է դրանք:
Դատարանի այսօրվա որոշումը կրքեր բորբոքեց Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, որտեղ էլ արտագնա կարգով ընթանում էր դատական նիստը:
Ենոքյանը շարունակում է պնդել՝ ինքը Իոսիֆ Աղաջանովին չի սպանել, այլ սպանության ականատեսն է եղել:
1996 թվականին տեղի ունեցած հանցագործության մեկ այլ մասնակից Արամ Հարությունյանը իրեն մեղավոր էր ճանաչել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Հարությունյանն արդեն ազատության մեջ է: Ենոքյանը պնդում է, որ ի հայտ եկած նոր հանգամանքները կարող են ճակատագրական դեր խաղալ իր համար:
«Լև գրուպ» փաստաբանական ընկերությունը գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը թարգմանել, նոտարի միջոցով հաստատել և ուղարկել է Նիդերլանդների անկախ փորձագիտական կենտրոն: Փաստաբան Լևոն Բարսեղյանը ներկայացնելով եզրակացությունը նշեց, որ միջազգային փորձագետների մոտ կասկածի լուրջ տեղիք են տվել Արամ Հարությունյանի իրարամերժ ցուցմունքները․ չկա որևէ ապացույց, որ սպանությունը կանխամտածված է եղել, քրեական գործի շրջանակներում չեն կատարվել դատահոգեբանական, մատնահետքաբանական, գենետիկական փորձաքննություններ, իսկ հանցագործության գործիքի վրայից բացակայում են Ենոքյանի մատնահետքերը:
Տարիներ առաջ՝ դեռ 2012-ին Ենոքյանն ու իր փաստաբանները պարզել էին, որ սպանության գործիքը ճանաչած ընթերականերից մեկը ընդհանրապես գոյություն չունի՝ այդպիսի անուն-ազգանունով մարդ չի հայտնաբերվել: Այդուհանդերձ, այն ժամանակ ևս դատարանը մերժել էր Մհեր Ենոքյանի գործը վերանայելու դիմումը:
Ազատազրկման ընթացքում իրավաբանի կրթություն ստացած Ենոքյանը պնդում է՝ այսպիսի վարույթներ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում հարուցվում են հարյուրներով: Դրանց զգալի մասը վերանայվում են, և անձին արդարացնում են կամ պատիժը թեթևացնում: Մինչդեռ, Ենոքյանի պնդմամբ, արդեն 14 տարի է Հայաստանում ոչ մի գործ չի վերաբացվում, և ստացվում է, որ Հայաստանի արդարադատությունը երբեք չի սխալվում, երբեք սխալ դատավճիռներ չի կայացնում:
Դատախազությունը պնդում է, որ գործը կարող է վերաբացվել անհերքելի ապացույցների դեպքում, և դատաբժշկի եզրակացությունը չի կարող նոր երևան եկած հանգամանք հանդիսանալ: Մինչդեռ Ենոքյանն այսօր էլ դատարանում հայտարարեց՝ չկա գոնե մեկ ուղղակի ապացույց, որ մարդասպանը հենց ինքն է եղել:
«Հարգելի դատախազ, եթե դու հիմա դատարանի առջև, հանրության առջև ցույց տաս մեկ ուղղակի ապացույց, որ շահադիտական դրդումով է, կամ մեկ ուղղակի ապացույց, որ Ենոքյանն է, ես բոլորիցդ ներողություն կխնդրեմ ու կբարձրանամ իմ խուցը կնստեմ ցմահ: Չկա մեկ ուղղակի ապացույց», - հայտարարեց Մհեր Ենոքյանը:
Անազատության մեջ 4 գրքի հեղինակ Մհեր Ենոքյանը պատրաստվում է բողոքարկել այս վճիռը: