Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքով՝ նախորդ ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում հավաքների ազատության հետ կապված մի շարք հարցեր կան:
800 տարի առաջ այս օրը Անգլիայում Հովհաննես Առաջին Անհողին թագավորը համաձայնեց ստորագրել «Ազատությունների մեծ խարտիա» կոչվող փաստաթուղթը, որով ոչ միայն սահմանափակվեց թագավորական միահեծան իշխանությունը, այլև ժամանակակից ժողովրդավարության հիմքը դրվեց:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը այս կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել, և օգտվելով առիթից, տիկին դեսպանի հետ զրուցեցինք ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ:
«Շատերի համոզմամբ Հայաստանում քաղբանտարկյալներ կան՝ Շանթ Հարությունյանը, նրա ընկերները: Հայաստանի իշխանությունների հետ երբևէ քննարկե՞լ եք նրանց հարցը»,- դիմեցինք Քեթրին Լիչին:
«Հայաստանի իշխանությունների հետ զրույցներում ընդհանուր առմամբ մենք բարձրացրել ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և հատկապես խոսքի ազատությանը վերաբերող հարցեր»,- ասաց դեսպանը։
«Եվ ի՞նչ են պատասխանել ձեզ Հայաստանի իշխանությունները»,- հարցրեցինք դեսպանին:
«Կարևոր է այն, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են՝ մենք ցանկանում ենք նրանց հետ աշխատել՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ քաղաքական մտքերը կարող են ազատորեն արտահայտվել: Մասնավորապես, հարցեր կան հավաքների ազատության վերաբերյալ, որովհետև նախորդ մի քանի ամիսները երևան հանեցին հավաքների ազատությանը վերաբերող մի շարք հարցեր: Միանշանակ պատասխան չկա, բայց ես կասեի, որ երկխոսություն է ընթանում, և մենք, Եվրոպայի խորհուրդը շարունակում ենք վարել այդ երկխոսությունը»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը։
«Ազատությունների մեծ խարտիան» նաև խորհրդարանական համակարգի հիմքը դրեց Մեծ Բրիտանիայում: Այժմ Հայաստանում նույնպես ձգտում են անցնել կառավարման խորհրդարանական կարգին, սակայն ընդդիմադիր դաշտից քննադատություն է հնչում, որ սպասվող սահմանադրական փոփոխությունները իրականում ունեն մեկ նպատակ՝ երկարաձգել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը:
Հարցին, թե իր կարծիքով՝ սպասվող սահմանադրական փոփոխությունները իրապե՞ս Հայաստանը կդարձնեն խորհրդարանական երկիր, թե՞՝ ավանդույթները ավելի կարևոր են, ու մեզ ժամանակ է հարկավոր, դեսպանը պատասխանեց.- «Մենք միշտ ասում ենք՝ օրենքը ունի տառ և ոգի: Ես ներկայացնում եմ մի երկիր, ուր սահմանադրություն չկա, ուստի կարող եմ պատկերացնել, թե որքան կարևոր են ավանդույթները, որքան կարևոր է սահմանափակումների վերաբերյալ հանրային ընկալումը, անգամ եթե այն գրված չէ օրենքում: Մեզ համար անհնարին է ասել, թե սահմանադրության ո՞ր ձևը այս պահին ճիշտ կլինի Հայաստանի համար: Կարևոր է, թե ինչ եղանակով է այդ սահմանադրությունը կյանքի կոչվում՝ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, և կարևոր է, որ այն ունենա քաղաքական լայն աջակցություն: Ես ասացի այն, ինչ Վենետիկի հանձնաժողովը նշել էր, և հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին քննարկումների արդյունքում կստեղծվի լայն փոխհամաձայնություն»: