Մատչելիության հղումներ

Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը


Ռուս զինծառայողի սպանության պատճառը կենցաղային բախումն է եղել
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Այսօր առավոտյան Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի դին։ Հուշահամալիրը ռուսական ռազմաբազայից հեռու է 1-2 կիլոմետր:

Տեղում աշխատում էին հայ և ռուս քննիչները: Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ սպանության հոդվածով հարուցված է քրեական գործ:

Ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչի փոխանցմամբ՝ ռուսական կողմը ևս սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել․ - «ՌԴ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ 105-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն, և նախաքննական գործողությունները շարունակվում են»:

Որոշ առումով կրկնվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործի նախադեպը, երբ և՛ հայկական կողմն է սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցում, և՛ ռուսականը: Այս դեպքում, սակայն, գործում է հայ- ռուսական միջպետական պայմանագրի այլ կետ․ քանի որ սպանվել է ՌԴ քաղաքացի, կասկածյալը ևս ՌԴ քաղաքացի է, ուստի գործի քննությունն իրականացնելու է ռուսական կողմը: Հայկական կողմը քրեական գործ է հարուցել, քանի որ սպանությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում:

Ալեքսեյ Պոլյուխովիչը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, որ կասկածյալը ձերբակալված է․ - «Կասկածյալը ձերբակալված է, հիմա նրա հետ աշխատում են քննիչները, ցուցմունք է տալիս: Ոչ մի առարկություն հայկական կողմին չունենք: Նա նույնպես բազայի պայմանագրային զինծառայող է»:

Թեև կասկածյալի անունը չի հրապարակվում, ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը տարածեց ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որում նշվում է, թե ձերբակալվածն ընդունել է զինակցին սպանելու մեղքը: Ըստ նույն հաղորդագրության, սպանության պատճառը, նախնական տվյալներով, կենցաղային վեճն է եղել:

Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան:

Մի քանի ժամ շարունակ տեղում քննչական գործողություններ իրականացվեցին: Հարցին, թե ուր տեղափոխեցին սպանվածի դին, որևէ մեկը չպատասխանեց:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն, 19-ամյա զինծառայող Իվան Նովիկովի դին կտեղափոխվի ՌԴ Կրասնոդարի երկրամաս, որտեղ կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն:

XS
SM
MD
LG