Ռուս - թուրքական, ռուս - ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների զարգացումը մտահոգություն է առաջացնում հայաստանցի փորձագետների շրջանում: Հնարավո՞ր է արդյոք, որ Անկարայի և Բաքվի հետ հարաբերություններ կառուցելու դիմաց Մոսկվան ստիպի Երևանին ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի այնպիսի տարբերակ, որը ձեռնտու լինի Ադրբեջանին: Այս քննարկումները հատկապես ակտիվացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից հետո:
Ռուսաստանցի փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը, սակայն, համոզված է, որ նման գործարքի Մոսկվան չի գնա:
Այդուամենայնիվ, ադրբեջանցի դիվանագետները ակնարկել են, որ նախ պետք է Ղարաբաղի խնդիրը կարգավորել և նոր խոսել Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցության մասին:
Ռուսաստանցի փորձագետը, մինչդեռ, ասում է, որ նման հայտարարություններով Բաքուն պարզապես ցանկանում է արձագանքները լսել և ուզում է, որ մոռացված ղարաբաղյան խնդիրը նորից հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
«Ռուսաստանին այսօր պատերազմը Ղարաբաղում պետք չէ, և Մոսկվան հնարավոր ամեն ինչ անում է, որ Բաքուն նման քայլի չգնա», - ասաց Եվսեևը՝ նշելով, որ ամենահավանական սցենարը ստատուս քվոյի պահպանումն է: