Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի որդին տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին


Շանթ Հարությունյանը և նրա 15-ամյա որդին՝ Շահենը, դատական նիստի ժամանակ, արխիվ
Շանթ Հարությունյանը և նրա 15-ամյա որդին՝ Շահենը, դատական նիստի ժամանակ, արխիվ

Շաբաթ երեկոյան՝ ժամը 20։40-ի սահմաններում, «Արժեքների հեղափոխության» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, ֆուտբոլի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտից տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Շահեն Հարությունյանը հոր՝ Շանթի լուսանկարով շապիկ կրելով մտավ խաղադաշտ, պտույտ գործեց ֆուտբոլիստների միջև և շարունակեց վազել, մինչև որ իրավապահները ուժով հեռացրեցին նրան դաշտից։

Րոպեներ անց սոցիալական ցանցերում սկսեցին գրել, որ Շահեն Հարությունյանն այդ քայլին է դիմել ի նշան բողոքի։

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել։

Նշենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա անցկացնելուց հետո Շանթ Հարությունյանի և նրա մի խումբ համախոհների հետ ազատազրկման էր դատապարտվել նաև անչափահաս Շահեն Հարությունյանը, սակայն նրա պատիժը դատարանի որոշմամբ փոխարինվել էր պայմանական ազատազրկմամբ:

«Ազատություն» ռադիոկայանն այս պահին ոստիկանության բաժանմունքի մոտ է։ Քիչ առաջ բաժանմունք է մտել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Շահենի հետ կապված իրադրությունը պարզելու նպատակով։

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG