Օդեսայում այսօրվանից գործում է կոռուպցիայի դեպքերի արձանագրման թեժ գիծ: Վրաստանի նախկին նախագահ, երկու շաբաթ առաջ Ուկրաինայի Օդեսայի մարզի ղեկավարությունը ստանձնած Միխեիլ Սաակաշվիլին անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի և հովանավորչության դեմ:
«Իմ ծրագիրը ծառայում է միայն մեկ նպատակի՝ բացել նոր հնարավորություններ Օդեսայի բնակիչների համար: Դրա համար մենք պետք է Օդեսան ազատագրենք կոռուպցիայից: Կոռուպցիան Օդեսայում իշխանության բոլոր մարմիններում է: Եվ կոռուպցիայի հետ միասին մենք պետք է Օդեսան ազատենք քրեական տարրերից: Դա շատ կարևոր է: Իմ ամեն մի րոպեն նվիրված է լինելու պետական համակարգի բարեփոխմանը», - հայտարարել է Օդեսայի նահանգապետը:
Սաակաշվիլին իր ծրագիրը ներկայացրել է նախ առաջիկա 50, ապա՝ 100 օրվա, նաև՝ 6-ամսյա ժամանակահատվածի կտրվածքով: Բացի այդ, ներկայացրել է գործողությունների երկարաժամկետ նախագիծ:
Օդեսայի նահանգապետը նախատեսել է առաջիկա 50 օրերին անցկացնել Օդեսայի 26 վարչական շրջանների ղեկավարների ընտրությունները: Նա զգուշացրել է. - «Եթե ինչ-որ մեկը զանգի ու ասի՝ սա մեր մարդն է՝ դե տես, դու հասկանում ես, նա օգտակար կլինի, այս մեկն այնտեղ է վազել, այս մյուսը դրոշ է ծածանել, այն մյուսը գիտես՝ ում բարեկամն է, ավելի լավ է նրա հետ ունենալ լավ հարաբերություններ... , մեխանիկորեն այդպիսի մարդը դուրս կթռչի մրցույթից»:
Հարցին, թե ինչ որակներ են պետք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար, Սաակաշվիլին պատասխանել է՝ բարձրագույն կրթություն և պարկեշտություն՝ հավելելով նաև համակարգչին փայլուն տիրապետելու հմտությունը:
Առաջիկա 50 օրերին Սաակաշվիլին խոստանում է փոխել մաքսակետի գործելակերպը՝ պատմության գիրկն ուղարկելով ներկա իրավիճակը:
«Այնտեղ գողանում են տարեկան մեկ միլիարդ դոլար, որը պատկանում է Ուկրաինայի հասարակությանը: Ես զգուշացնում եմ բոլոր կլաններին, որոնց ձեռքերը քոր են գալիս Օդեսայի մաքսակետի հարցով: Ես ինքս չեմ պատրաստվում այնտեղ ինչ-որ բան անել և ամեն ինչ կանեմ, որ ոչ մեկի ձեռքը չհասնի այնտեղ», - հայտարարել է Օդեսայի նոր ղեկավարը:
Փորձագետները Սաակաշվիլիի օրոք Օդեսայի ոստիկանական համակարգի փոփոխությունը ամենականխատեսելին են համարում: Ծրագրերն առավել հաստատուն են դարձել, երբ Սաակաշվիլին քայլել է փողոցներով և հարցուփորձ արել ոստիկանության մասին:
«Երբ քայլում էի փողոցներով, ռեստորանների տերերն ասում էին՝ մեծ խնդիրն այն է, որ ոստիկանությունը զբաղված է թմրանյութերի առևտրով: Այո, ես հավատում եմ, երբ քաղաքի 4 տարբեր տեղերում նույն բանն են ասում, դա, հավանաբար, ճիշտ է», - ասել է Օդեսայի նոր նահանգապետը:
Սաակաշվիլին հստակ պայմանավորվածություն ունի Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովի հետ․ - «Պետք է արագացնել պետավտոտեսչության բարեփոխումները: Վրաստանի ոստիկանության գեներալը համաձայնել է տեղափոխվել Օդեսա և իրականացնել ոստիկանության բարեփոխումների Սաակաշվիլիի ծրագիրը»:
Սաակաշվիլին հավաստիացրել է, որ բացի Վրաստանի ոստիկանության գեներալից, բարեփոխումներին մասնակից մյուս անձինք կլինեն Ուկրաինայից․ - «Ես կարծում եմ, որ Ուկրաինայում կան շատ պարկեշտ, ազնիվ մարդիկ»:
Արդեն օգոստոսին պետավտոտեսչությունը, ըստ Սաակաշվիլիի, կգործի ամբողջությամբ նորովի: Օդեսայի նոր ղեկավարը նախատեսում է նաև իսպառ վերացնել մանկապարտեզ ու դպրոց կաշառքով ընդունելության հնարավորությունը՝ ներդնելով էլեկտրոնային համակարգ։
«Առաջիկա վեց ամսում Օդեսայում կգործի նոր կենտրոն, որտեղ հնարավոր է մեկ օրում գրանցել սեփականություն, մեկ օրում ստանալ անձնագիր, մեկ օրում գրանցել բիզնես», - ասել է նա։
Ուկրաինական հեղափոխությանը մասնակից Սաակաշվիլին կատակել է, թե ինքը «ներմուծվել» է Ուկրաինա: Իր կյանքի 8 տարիներն անցկացրել է Ուկրաինայում, ծառայել է ուկրաինական բանակում, խոսում է ուկրաիներեն, ընկերների մեծ մասն ուկրաինացի է: