«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում հանրությանը՝ «չտրվել խաբեությունների ու էլ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչ լիարժեք հաղթանակ»:
Նախաձեռնության այսօրվա հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Վարչապետի արած արտահայտությունը էլեկտրաէներգիայի սակագնի չափի մասին փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները»։
Նախաձեռնությունը հայտարարում է, որ մնում է իր պահանջներում հաստատուն և կոչ է անում վերանայել ներկա սակագինը՝ այն իջեցնելու նպատակով:
«Ու նորից ենք հիշեցնում՝ եթե կոնկրետ քայլեր չարվեն Սերժ Սարգսյանի կողմից հոսանքի ապօրինի, հակասոցիալական թանկացումը կասեցնելու ուղղությամբ, ապա մենք, օգտվելով օրենքով մեզ տրված բոլոր իրավունքներից, կդիմենք կտրուկ քայլերի։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների», - ասված է հայտարարությունում։
«Ոչ թալանին»-ը նաև մարզերի բնակիչներին է կոչ անում՝ մինչև հունիսի 19-ը գալ Երևան՝ «հունիսի 19-ին միասնական ուժով իրավունքի իրացմանը հասնելու համար»։
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ բնակչության համար էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով՝ նշելով, որ հաշվարկներ են կատարվում, որպեսզի պարզեն, թե ինչ ազդեցություն կունենա այդ թանկացումը տնտեսության վրա։