Մատչելիության հղումներ

Ամերիկացի վերլուծաբան. Էրդողանը կարող էր Նոբելյան մրցանակ ստանալ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահը կորցրեց աննախադեպ հնարավորությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ձեռք մեկնել հայերին, ընդգծում է Ուեյն Մերին:

Թուրքիայում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն աննախադեպ են, կարծում է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան, տասնամյակների դիվանագիտական փորձ ունեցող Ուեյն Մերին:

Նրա խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության ներկայությունը ընդլայնելու է այդ երկրի քաղաքական համակարգը:

«Այս ընտրությունները արտակարգ կարևորություն ունեն և շրջադարձային կետ կարող են դառնալ Թուրքիայի պատմության մեջ», - ասում է Մերին:

Վերլուծաբանի կարծիքով՝ քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը կարողացավ հաղթահարել 10 տոկոսի շեմը ոչ միայն քրդերի և Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների, այլև հենց թուրքերի մի մասի ձայնի շնորհիվ․ - «Այսպիսով, քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պետք է դիտարկել որպես ավելին քան քրդական կուսակցություն, այն անհրաժեշտ է դիտարկել որպես առաջադիմական կուսակցություն»:

Քարնեգի հաստատության վերլուծաբան Թոմ դը Վաալը համոզված է, որ քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը վերջ կդնի Թուրքիան նախագահական երկիր դարձնելու Էրդողանի ցանկությանը:

Ուեյն Մերիի կարծիքով, սակայն, քաղաքականության մեջ անհնար ոչինչ չկա, և Թուրքիայի նախագահը դեռ չի հրաժարվել իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ցանկություններից. - «Պարոն Էրդողանը բազմիցս է ապացուցել, որ համառ, վճռական, փառասեր և անսկզբունքային քաղաքական գործիչ է, և նա անշուշտ կփորձի իր ծրագրերին հասնել այլ ուղիներով»:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական հարաբերություններին, ապա Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության ներկայությունը դժվար թե լրջորեն փոխի Անկարայի արտաքին քաղաքականությունը:

Ըստ փորձագետի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Էրդողանին հնարավորություն էր ընձեռում հայերին ձեռք մեկնել և մտնել պատմության մեջ: «Միանշանակ, Ցեղասպանության հարյուրամյակը Թուրքիային աննախադեպ հնարավորություն էր ընձեռում քայլ կատարել ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ, և այդ քայլը հսկայական խորհուրդ կունենար: Կարծում եմ, Էրդողանը Նոբելյան մրցանակի թեկնածու կարող էր դառնալ, եթե այդ քայլն աներ, սակայն նա որոշեց չանել այդ քայլը», - ասում է Ուեյն Մերին:

Նրա կարծիքով՝ Երևանի և Անկարայի երկկողմ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է կատարել ոչ թե արմատական քայլեր, որոնք ապագայում բարդ կլինի իրականացնել, այլ փոքր քայլերով առաջ շարժվել, օրինակ՝ սկզբում բացել Երևանում և Անկարայում շահերի ներկայացուցչություններ և կոնֆիդենցիալ բանակցություններ սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG