Մատչելիության հղումներ

«Անադոլու». Թուրքիայում կառավարություն ձևավորելու երեք տարբերակ կա


Ահմեթ Դավութօղլուն ընտրություների ժամանակ, 7-ը հունիսի, 2015թ.
Ահմեթ Դավութօղլուն ընտրություների ժամանակ, 7-ը հունիսի, 2015թ.

Թուրքիայում կոչեր են հնչում՝ կոալիցիայի հարցում համաձայնության հասնել, որպեսզի գործը չհասնի նոր արտահերթ ընտրությունների։

Թուրքիայում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու երեք տարբերակ կա, գրում է պետական «Անադոլու» գործակալությունը՝ թվարկելով այդ տարբերակները՝ կոալիցիա կազմել կամ քաղաքական փոքրամասնությունների կառավարություն կազմել, կամ նոր արտահերթ ընտրություններ անցկացնել՝ մինչ այդ ստեղծելով ժամանակավոր կառավարություն։

Թուրքիայում մեկ տասնամյակից ավելի անընդմեջ իշխող կուսակցությունը՝ «Արդարություն և զարգացում» (ԱԶ), այս ընտրություններում չկարողացավ այնքան ձայն հավաքել, որ կարողանա կառավարություն ձևավորել։ Կուսակցությունն այս ընտրություններում ձայների 41 տոկոսը հավաքելով՝ խորհրդարանում կունենա 258 տեղ, որակյալ մեծամասնություն կազմելու համար 18 ձայն չբավարարեց։

Երկրորդ տեղում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է (ԺՀԿ), այն խորհրդարանում կունենա 132 տեղ, իսկ Ազգային շարժումը և քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ յուրաքանչյուրը 80 տեղ։ Թուրքիայի Ազգային ժողովում 550 պատգամավորական տեղ կա։

Հունիսի 20-ի սահմաններում կհրապարակվեն ընտրությունների պաշտոնական արդյունքները, տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը։

Հաջորդ քայլով՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորները խորհրդարանի նախագահ են ընտրելու։ Դա այնքան էլ հեշտ չի լինի, ինչպես նախկինում, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր թեկնածուին հեշտությամբ նախագահ էր ընտրում։

Ամենադժվար խնդիրը լինելու է կառավարություն ձևավորելը. երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառավարություն ձևավորելու համար նախ պետք է դիմի ընտրություններում առաջին տեղը գրաված «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Եթե Ահմեթ Դավութօղլուն չկարողանա խորհրդարան անցած մյուս երեք ուժերից որևէ մեկի հետ կոալիցիա կազմել, ապա Էրդողանը, ըստ Թուրքիայի օրենսդրության, ըստ ձևավորված քաղաքական ավանդույթի, պետք է դիմի ընտրություններում երկրորդ տեղը գրաված կուսակցությանը՝ Ժողովրդա-հանրապետականներին։

Եթե հանկարծ մյուս ուժերը միավորվեն Ժողովրդա-հանարպետականներին, նրանք կարող են փոքրամասնություններ լինելով հանդերձ, կառավարություն ձևավորել։ Բայց եթե սա էլ չստացվի, ապա 45 օրվա ընթացքում Էրդողանը պետք է խորհրդարանական նոր ընտրություններ նշանակի, հինգ օրվա ընթացքում վարչապետ՝ նրան հանձնարարելով ժամանակավոր կառավարություն ձևավորել, որտեղ պետք է ընդգրկված լինեն խորհրդարան անցած բոլոր չորս կուսակցությունների թեկնածուները։ Նման տարբերակի դեպքում ժամանակավոր կառավարությունում պաշտոնները բաշխվելու են կուսակցությունների ստացած ձայների համամասնությամբ՝ ավելի շատ ձայն ստացած քաղաքական ուժերը նախարարական ավելի շատ պորտֆելներ կունենան։ Նման զարգացման դեպքում խորհրդարանը վստահության քվե է տալիս կառավարությանը և լուծարվում, սկսվում են նոր ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Սա վերջին երրորդ տարբերակն էր։ Հենց այս ամենը հաշվի առնելով, նշվում է, որ, ըստ էության, երեք տարբերակ կա։

Թուրքիայում կոչեր են հնչում՝ կոալիցիայի հարցում համաձայնության հասնել, որպեսզի գործը չհասնի նոր արտահերթ ընտրությունների։

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը ևս ասել է, որ քաղաքական ուժերը պետք է կոալիցիոն կառավարությունը գերադասեն արտահերթ ընտրություններից, բայց Վաշինգտոնում գտնվող Մերձավորարևելյան ինստիտուտի փորձագետ Սոներ Չաքանթայը «Վաշինգտոն Փոսթ»-ում կարծիք է հայտնել, որ ամենահավանական տարբերակը արտահերթ ընտրություններն են։

«Թուրքիայի պատմության մեջ ոչ մի անգամ կոալիցիոն կառավարությունը, կամ փոքրամասնությունների կառավարությունը մինչև իր մանդատի վերջը չի աշխատել, բոլոր ճանապարհները տանում են դեպի վաղաժամկետ ընտրություններ», - ասել է փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG