Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը պատրաստվում է քվեարկության դնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին բանաձև


Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, արխիվ
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, արխիվ

Մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, որ Եվրոպական խաղերի անցկացումից հետո ամբողջ աշխարհը կիմանա, որ Ադրբեջանը եվրոպական երկիր է։

Մինչ Ադրբեջանը պատրաստվում է Եվրոպական խաղերի մեկնարկին և հայտարարում, թե դրանց անցկացումից հետո ամբողջ աշխարհը կիմանա, որ Ադրբեջանը եվրոպական երկիր է, Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է քվեարկության դնել Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումների մասին բանաձև։

Եվրոպական խորհրդարանի՝ նախօրեին մեկնարկած հերթական նստաշրջանի ընթացքում նաև լսումներ են նախատեսված՝ «Սպորտը և մարդու իրավունքները Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի համատեքստում» թեմայով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, լսումների ընթացքում նշվելու է, որ խաղերի մեկնարկից առաջ Ադրբեջանի իշխող վարչակազմը շտապել է ճաղերի հետև ուղարկել առաջատար լրագրողներին, բլոգերներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին: Նաև նշվում է, որ Եվրոպական խաղեր անցկացնելու Բաքվի նպատակը երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում բարելավելն է:

Հաշվի առնելով այս ամենը, Եվրոպական խաղերը լուսաբանող եվրոպացի լրագրողներին Բրյուսելը կոչ կանի ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում, մասնավորապես, մարդու իրավունքների խախտումների հարցը։

Մարտին Շուլցի գլխավորած Եվրախորհրդարանի այս նախաձեռնությանը Բաքվում բավական կոշտ են արձագանքել. Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցներն արդեն անցել են անձնական վիրավորանքների:

«Մի նախագահի պատմություն. նացիստական վերակացուի մականուն ստացած նախկին ալկոհոլիկը Ադրբեջանին պետք է ժողովրդարավարություն սովորեցնի», - գրում է իշխանամետ FIRST News պարբերականի խմբագիրը՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի մասին, ով բոլորովին վերջերս հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Ալիևի վարչակազմին քննադատող ձայները կոպիտ ձևով լռեցնելու համար։

Ադրբեջանական մեկ այլ պարբերական` Haqqin.az-ը, Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկին էլ համասեռամոլ լինելու մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ վերջինս Թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը՝ այդ երկրում քաղբանտարկյալների առկայության պատճառով։

Բաքվի Եվրոպական խաղերին ընդառաջ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նույնպես լսումներ են նախատեսված` կապված Ադրբեջանում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված մարդու իրավունքների խախտումների հետ: Այս անգամ ևս լսումները կընթանան Ադրբեջանում՝ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչի և ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դեյվիդ Քրեմերի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG