Շոուն չստացվեց, թեև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կիրառում էր շոումենին հատուկ ժեստիկուլյացիա, Գլխավոր դատախազության անցած տարվա հաղորդման ներկայացման մասին իր տեսակետն այսպես ձևակերպեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ով՝ ով, բայց հայ հանրությունը լավ գիտի, թե ժողովրդական լեզվով ասած՝ ինչ բեջուռա կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը։ Այդ իրավաբանությունը որոշել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ քնած է եղել»,- ասաց պատգամավորը։
Փաշինյանի քննադատության առանցքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա որդին էին, պատգամավորի կարծիքով՝ նրանք «իշխանության հովանավորյալն են».- «Ասում է՝ գնացեք Բուդաղյանի դատին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, կտեսնեիք ինչ դատավարություն է գնում... գնանք ի՞նչը տեսնենք, երբ դատարանը օրական ռեժիմով ծանուցագիր է ուղարկում, Սուրիկ Խաչատրյանի որդին իր «Բրաբուսը» քշում է Երևանի Մաշտոցի պողոտայի մայթերով։ Ոստիկանությունը որոշում է, ասում են՝ ամոթ է, եկեք բերման ենթարկենք, ու մինչ ոստիկանները քեֆ-ուրախություն են կազմակերպում, իրենք էլ են զարմացել իրենց դուխի վրա, մեկ էլ զանգ է հնչում, որ նախագահականից Սերժ հոպարն ասում է՝ երեխային և իրա «Բրաբուսը» հանգիստ թողեք, ի՞նչ է արել, հո չի կերել ձեր մայթերը, մի հատ մայթի վրայով քշել է, էլի»։
Պատգամավորը անդրադարձավ նաև գլխավոր դատախազի «ժեստիկուլյացիային».- «Էկել ա, մատը սենց ա անում, նենց ա անում... էդ որ Սերժ Սարգսյանի մոտ զեկուցելիս եք լինում, տե՞նց եք զեկուցում։ Սա գլխավոր դատախազ նշանակող մարմին է, մի հատ Ձեզ կարգի հրավիրեք»։
Ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է, խորհրդարանի միջանցքում Փաշինյանի գնահատականներին արձագանքեց Գևորգ Կոստանյանը։
«Եվ դա դասագրքում էլ է գրված։ Դա էլ է գիտություն, որ ուսումնասիրեք, գոնե ճիշտ տերմինները օգտագործեք։ Ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ է թափ տալիս, դա էլ հարց է»,- ասաց Կոստանյանը։
Հանրապետական պատգամավորները Փաշինյանի գնահատականները անպատասխան չթողեցին։ Մարգարիտ Եսայանը վիրավորված էր ելույթից, Սամվել Ֆարմանյանը անընդունելի մոտեցումներ էր նկատել։
«Եթե երբևէ ժեստիկուլյացիաներով խոսելու վիճակագրություն կազմվի, Դուք առաջ կանցնենք նույնիսկ պատմության մեջ այդ հարցում անվիճելիորեն առաջին տեղը գրաված Ադոլֆ Հիտլերից»,- ասաց Ֆարմանյանը։
Գլխավոր դատախազին ամբիոնից «պաշտպանող» մեկ այլ հանրապետական՝ Լևոն Մարտիրոսյանը նրան քաջալերեց՝ так держать:
ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանի խոսքից հետո ծափահարություններ հնչեցին. - «Ես գիտեմ, հասարակությունը այնպիսի վիճակում է այսօր, որ ավելի շատ հակված է լսել՝ կողոպտեցին, թալանեցին և այլն։ Բայց դա չի նշանակում՝ ով դա ասում է, դրա նկատմամբ հարգալից կամ սիրահարված պրոցեսների մեջ են գտնվում։ Ընդամենը իրար մեջ վիճում, խոսում են, հետո ձեռքը թափ տալով ասում են՝ ոչ սրանք են մի բան, ոչ էլ նրանք»։
«Տեսնում եք, պարոն Սահակյան, Ձեր ելույթին ծափահարում է և՛ մեծամասնությունը, և՛ ընդդիմությունը»,- արձանագրեց ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել «Նաիրիտում», «Հայաստանի էլեկտրական ցանցերում» չարաշահումների, չհիմնավորված կորուստների դեպքերի, ԱԺ-ի գազի հանձնաժողովի ուսումնասիրությունների և այլնի հիման վրա։
«Ես ոչ մի առիթ կամ հիմք չունեմ կասկածելու ոչ Ձեր կրթության, ոչ Ձեր համարձակության, ոչ էլ Ձեր ինտելեկտուալ կարողությունների վրա։ Ուրեմն պետք է լինի ինչ-որ պատճառ, որ Ձեր կարողությունների և ունակությունների տեր մարդը չի կատարում Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված պարտականությունը։ Միակ բացատրությունը այն քաղաքական ուղղորդումն է, որ Դուք ստանում եք Սերժ Սարգսյանի կողմից»,- ասաց Զուրաբյանը։
«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը գլխավոր դատախազին «պատվերի շրջանակից դուրս գալու» հորդոր արեց.- «Դուք այսօր պաշտպանում եք քրեաօլիգարխիկ շահերը, Դուք անկախ չեք, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը վարելու համար եք նշանակված, և հենց դրա մասին է այս տարվա հունվարի 12-ի ողբերգության վերաբերյալ Ձեր դիրքորոշումը, որ չկարողացաք դիմում ներկայացնել և պատշաճ պատասխան ստանալ ՌԴ դատախազից։ Մինչդեռ խոսք էիք տվել»։
«Հայկական ժամանակի» լրագրողի հարցը՝ «Չայկայից ի՞նչ կա», գլխավոր դատախազն այդպես էլ անպատասխան թողեց։ Կոստանյանը, հիշեցնենք, հունվարին «տղամարդու խոսք» էր տվել գյումրեցիներին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու համար կդիմի ռուս գործընկերոջը՝ Յուրի Չայկային։
Ազգային ժողովում Դատախազության հաղորդումը չի քվեարկվում, ընդունվում է ի գիտություն։