Թուրքիայում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում:
ԱԶԿ-ն ստացել է քվեների 40.8 տոկոսը՝ զգալի անկում արձանագրելով 2011-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, որտեղ Էրդողանի կուսակցության օգտին քվեարկել էր ընտրողների 49.8 տոկոսը: Այսպիսով, 2002 թվականից ի վեր առաջին անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանի առնվազն 276 մանդատի շեմը, որը անհրաժեշտ է միակուսակցական կառավարություն կազմելու համար:
Թուրքական լրատվամիջոցներում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ այս ընտրություններում արձանագրված արդյունքները կարող են խափանել իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու և նախագահի ինստիտուտը էլ ավելի ուժեղացնելու` Էրդողանի ծրագրերը: